«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր բնակարանում, գրասենյակում և ավտոտնակում իրականացված խուզարկություններին, իրավապահների անհեթեթ ձևակերպումներին և իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական հետապնդումներին։
Անդրանիկ Թևանյանի պնդմամբ՝ իշխանությունների այսօրինակ կտրուկ ու ապօրինի գործողությունները պայմանավորված են բացառապես ընդդիմության հաջողություններով և քաղաքական վախերով։
«Մեր վարկանիշը ամենօրյա ռեժիմով աճում է, և ահա նրանք փորձում են խոչընդոտել մեր քարոզչությունն ու գործունեությունը։ Բայց Նիկոլ Փաշինյանը պետք է իմանա՝ ինքն ինչքան էլ բարձր գոռա՝ «բռնե՛ք դավաճանին», դրանից իր պետական դավաճանությունը չի մեղմվում։
Ինքը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։ Այս ամեն ինչն անցնելու է, բայց իր այս ճղճիմ քայլերը մնալու են։ Մեր իրավաբաններն այժմ հակընդեմ հայցեր են պատրաստում»,- հայտարարեց Թևանյանը։
Դաշինքի առաջնորդը նշեց, որ իրավապահների ներկայացրած փաստաթղթերում առկա են օրենքով սահմանված կարգի կոպիտ խախտումներ, ինչի պատճառով անհասկանալի է դառնում, թե ինչու են խուզարկվում թե՛ կուսակցության գրասենյակը, թե՛ իր բնակարանն ու անգամ ավտոտնակը։
«Այն հեքիաթը, որ տարածվել էր Քննչական կոմիտեի կողմից, ուղղակի անհեթեթություն է։ Նախաքննական գաղտնիքի ստորագրություն տված լինելու պատճառով իրավունք չունեմ մանրամասներ բացահայտելու, թե կոնկրետ ինչ են առգրավել, բայց հավաստիացնում եմ ձեզ՝ դրանք մեր կողմից վաղուց մոռացված ընտանեկան իրեր են»,- պարզաբանեց Թևանյանը։
Անդրադառնալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Դատախազության հնարավոր որոշումներին՝ իրեն կալանավորելու կամ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, Թևանյանը նշեց, որ իրեն չեն հետաքրքրում ԿՀ-ի կանխորոշված որոշումները, և ինքը պատրաստ է անձամբ ներկայանալ իրավապահներին։
«Իրենք ինձ մեղադրում են պետական դավաճանության մեջ։ Եթե այդպիսի մահացու մեղադրանքներ են ներկայացնում, նշանակում է՝ ինձ օր առաջ պետք է մեկուսացնեին, բայց հիմա ասում են՝ դուք ազատ եք»,- շեշտեց Թևանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում