Բոլորիս ակնկալիքն է, որպեսզի հունիսի 7-ին օրինական ճանապարհով՝ ընտրություններով, կարողանանք կանգնեցնել այն բոլոր թերությունները, արհավիրքներն ու անկումները, որոնք կախվել են Հայաստանի Հանրապետության վրա։ Մենք պետք է կարողանանք պահել գորիսեցու ըմբոստ կեցվածքն ու արժանապատվությունը։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին Գորիսում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Օհանյանը շեշտեց, որ ստեղծված ծանր իրավիճակից երկիրը հնարավոր է դուրս բերել միայն փորձառության շնորհիվ, իսկ ներկայիս քաղաքական դաշտում ամենափորձառու թիմը «Հայաստան» դաշինքն է՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Նա հիշեցրեց, որ Քոչարյանն անցյալում ստանձնել է երկու հայկական պետությունների ղեկավարումը, ամրապնդել պետականությունը, զարգացրել տնտեսությունն ու ենթակառուցվածքները։ Ըստ նրա՝ այդ համակարգված աշխատանքի արդյունքում մինչև 2020 թվականի պատերազմը հենց Արցախն էր հանդիսանում Հայաստանի սահմանը, զրահաբաճկոնն ու վահանը, ինչի շնորհիվ երկիրը զերծ էր մնում սահմանային խնդիրներից։
Անդրադառնալով գործող իշխանություններին՝ պաշտպանության նախկին նախարարը խիստ քննադատեց նրանց վարած քաղաքականությունը։
«Երկու օր առաջ ինքն արտահայտվեց, թե բանակը զրոյից է ստեղծվել։ Իրականում մեր բանակը կառուցվել է ժողովրդի ուժերով ու միասնական ջանքերով, եղել է հաղթանակած, տարածաշրջանում մրցունակ ու միջազգայնորեն փոխգործունակ։ Ուզում եմ Նիկոլին պատասխանել՝ դու բանակի զրոյից ստեղծման հետ բացարձակ կապ չունես, դու բանակը զրոյացնելու հետ անմիջական կապ ունես։ Դո՛ւ ես մեր բանակը քայքայել և միլիարդների զինամթերք թողել հակառակորդին՝ մեղքը գցելով ուրիշների վրա»,- ասաց նա։
Ելույթի վերջում Սեյրան Օհանյանը կոչ արեց հունիսի 7-ին գնալ ընտրության և քվեարկել «Հայաստան» դաշինքի՝ 17 համարի օգտին։
«Դրանով մենք կվերականգնենք մեր բարոյական, հավաքական կամքը և մեր արժանապատվությունը»,- ասաց Օհանյանը։