Իշխող կուսակցությունը խաղաղությունը դարձրել է իր հիմնական քարոզչական թեզը, որովհետև ուրիշ բանից չի կարող խոսել։ Իրենց բոլոր նախանշված ծրագրերն ու նախկին խոստումները տապալել են։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այսօր Գորիսում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա ընդգծեց, որ խաղաղության դրոշը ջանասիրությամբ տանում է մեկը, ով երկրին հասցրել է 5000 զոհ, 12000 վիրավոր, տարածքային հսկայական կորուստներ ու 150 000 փախստական, ինչն, ըստ նրա, էությամբ աբսուրդային բանավեճ է։
Իր ելույթում Ռոբերտ Քոչարյանը մի քանի հստակ հարցադրումներ ուղղեց գործող իշխանություններին ու անդրադարձավ անվտանգային համակարգին։
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մեզ պետք է խաղաղություն, բայց պետք չեն երաշխիքներ և երաշխավորներ։ Մենք ասում ենք՝ խաղաղությունը կարող է հարատև ու կայուն լինել, եթե կա երաշխիքային համակարգ։ Ինչո՞վ են ձեզ խանգարում երաշխիքները։ Օրինակ, եթե ստորագրվելու է խաղաղության պայմանագիր, ինչո՞վ է խանգարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որտեղ արձանագրված կլինի, որ խաղաղությունը խախտողը կենթարկվի պատասխանատվության, և ագրեսորի համար հետևանքներ կլինեն»,- ասաց Քոչարյանը։
Քոչարյանի ձևակերպմամբ՝ սրտիկներով պետություն չեն կառուցում, և իշխանությունը պարզապես «գցել է» հայ ժողովրդին անվտանգության, ինքնության ու եկեղեցու հարցերում։
«Քաղաքական խարդախ է այս մարդը՝ ոտքից գլուխ։ Հիմա էլ Հայաստանի քարտեզը կրծքին դրած՝ չգիտեմ ինչ է քարոզում, չեմ զարմանա, որ վաղը գլոբուսը գլխին դրած հայտնվի հանդիպումներին»,- ասաց նա։
Անդրադառնալով զինված ուժերին՝ Ռոբերտ Քոչարյանը հերքեց Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե ինքը ավերակ բանակ է ժառանգել։
«Մի հիմար արտահայտություն օգտագործեց, թե ավերակ բանակ է ժառանգել ու ինքն է սարքել։ Իրականում մենք ունեցել ենք մարտունակ բանակ, և հենց ի՛նքն է այն սարքել ավերակ։ Այս մարդը խաբելու չեմպիոն է, ուստի պետք է զգաստանանք»,- ասաց նա։
Ելույթի ավարտին ՀՀ երկրորդ նախագահը վստահեցրեց, որ «Հայաստան» դաշինքն այն ուժն է, որն ընդունակ է ամրապնդել երկրի ինքնիշխանությունն ու բանակը և բերել իրական խաղաղություն։
«Մեր բանաձևն է՝ խաղաղությունը պետք է լինի երաշխավորված, հարատև և կայուն։ Չի կարող լինել խաղաղություն, որը կախված է մեկ մարդու՝ տվյալ դեպքում Իլհամ Ալիևի քմահաճույքից․ դա խաղաղություն չէ, դա վասալական կախվածություն է Ադրբեջանից։ Եթե համաձայն եք, ուրեմն հունիսի 7-ին գնում ենք ընտրության համար 17-ի օգտին, և միասին կարող ենք»,- եզրափակեց Քոչարյանը։