1455 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-06 11:46
Քաղաքական խաղադաշտ

Ինչ են քննարկել Իլհամ Ալիևը և Կայա Կալասը Հայաստանի հետ խաղաղության վերաբերյալ

Ինչ են քննարկել Իլհամ Ալիևը և Կայա Կալասը Հայաստանի հետ խաղաղության վերաբերյալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Նշվել է, որ Բաքուն շարունակում է քայլեր ձեռնարկել խաղաղության օրակարգի ամրապնդման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև այն փաստին, որ երկու երկրների միջև արդեն ձևավորվել են առևտրատնտեսական կապեր, և ընդգծվել է, որ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է դեպի Հայաստան ուղևորվող տարանցիկ բեռների սահմանափակումները։ Ալիևի մասնակցությունը տեսակապով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին բնութագրվել է որպես կարևոր իրադարձություն։

Կողմերը նաև քննարկել են Ադրբեջանի և Եվրոպական միություն միջև համագործակցության առաջնահերթությունները՝ հատկապես թվային փոխակերպման, արհեստական բանականության և վերականգնվող էներգիայի ոլորտներում։

Հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնվել Եվրոպական միությանը՝ ականազերծման աշխատանքներում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության համար։ Նշվել է, որ TRIPP նախագիծը կարող է նպաստել տարածաշրջանային կապերի զարգացմանը։

Վերջում Ալիևն ու Կալասը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։