Եթե խոշոր ընդդիմադիր ուժերը միանան, ես մեծ հույս ունեմ, որ այս դրությունից մեր ժողովրդին կհանեք, որովհետև սա անձնական հաշիվ չէ, այլ երկրի իմիջի հարցն է։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ նման կոչ հնչեցրեց տեղի բնակիչներից մեկը։
Դալարիկի բնակիչը խստորեն քննադատեց գործող կառավարությանը՝ նշելով, որ իշխանությունն անտեսում է անվտանգային խնդիրները և զբաղված է միայն PR արշավներով։
Ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ գործող իշխանությունը երկրի պետական պարտքը հասցրել է 15 միլիարդ դոլարի։ Նա զուգահեռներ անցկացրեց իր կառավարման տարիների հետ՝ մատնանշելով արդյունավետության տարբերությունը։
«Իմ կառավարման տարիներին «Լինսի» հիմնադրամի ծրագրի ողջ գումարը կազմում էր մոտ 230 միլիոն դոլար, բայց այդ միջոցներով այնքան բան է կառուցվել, որ կարող եմ մի շաբաթ շրջել ու ցույց տալ՝ դպրոցներ, փողոցներ, կամուրջներ, թունելներ ու շենքեր թե՛ Երևանում, թե՛ աղետի գոտում։ Եթե նույնիսկ գնաճը հաշվի առնենք ու այդ գումարը դարձնենք 400 միլիոն դոլար, միևնույն է՝ դուք պետական պարտքն ավելացրել եք 8 միլիարդ դոլարով։ Այդքան գումարով կարելի էր այս երկիրը դրախտ սարքել։ Համոզված եմ, որ այդ միջոցների մի զգալի մասը մղսվել է»,- վստահեցրեց Քոչարյանը։
Երկրորդ նախագահը նաև հեգնանքով խոսեց իշխանավորների՝ ժողովրդական ձևանալու փորձերի մասին։
«Տեսախցիկների առաջ կարտոֆիլ են ուտում, իբրև թե ժողովրդի կողքին են։ Եթե կարտոֆիլով ուզում եք ժողովրդի հետ լինել, բարի եղեք պարգևավճարներով էլ ժողովրդի հետ լինել։ Միայն Նոր տարվա նվերների տեսքով նախարարները 7-8 միլիոն դրամ պարգևավճար են ստանում։ Թող կիսվեն ժողովրդի հետ, մենակ հո կարտոֆիլ ուտելով չի՞»,- ասաց նա։