1194 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-20 17:57
Քաղաքական խաղադաշտ

Ո՞վ է Փաշինյանը, որ առանց իրավական ընթացակարգի պիտի որոշի որևէ գործարանի ճակատագիր․ Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանը պետությունը և բոլոր պետական ինստիտուտները վերածել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։

Ըստ Սուրենյանցի՝ երկրում աստիճանաբար հաստատվում է հակասահմանադրական ռեժիմ, որտեղ պետական կառույցները դարձել են մեկ մարդու քմահաճույքի պատանդը։

«Նախ փողոցային բառապաշարով Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է անում, որից րոպեներ անց Գլխավոր դատախազությունը պաշտոնական տեքստով կրկնում է նույն բառամթերքը։ Դա տեսանք Նվեր Ծառուկյանի դեպքում, նույնը կրկնվում է այսօր՝ Արարատի ցեմենտի գործարանի հետ կապված»,- նշեց նա։

Անդրադառնալով գործարանը պետականացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ընդդիմադիր գործիչը հարցադրում արեց, թե ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ առանց իրավական լեգալ ընթացակարգերի որոշի մասնավոր ձեռնարկության ճակատագիրը։