Լրագրող Քնար Մանուկյանը գրում է.
«Տեղեկություններ եմ ստացել այն մասին, որ Մեղրիի ռազմական ոստիկանության պետ Գ. Լալայանը, ըստ ստացված ահազանգի, բենզինի կտրոնների հետ կապված կասկածելի գործընթացների մեջ է։
Մասնավորապես, ահազանգի համաձայն՝ հիշյալ պաշտոնատար անձը ռազմական ոստիկանությանը ծառայողական նպատակներով հատկացված ավտոբենզինի կտրոններն օգտագործում է անձնական կարիքների համար։
Հատկանշական է, որ խոսքը պետական միջոցների և ծառայողական կարիքների համար հատկացված ռեսուրսների հնարավոր ոչ նպատակային օգտագործման մասին է։
Իսկ թե կոնկրետ ում են փոխանցվել ռազմական ոստիկանությանը հատկացված բենզինի կտրոնները, ինչ նպատակով են դրանք օգտագործվել և ովքեր են օգտվել այդ գործընթացից, կներկայացնեմ ավելի ուշ՝ լրացուցիչ մանրամասներով։
Այս պատմության մեջ առկա են մի քանի կարևոր հարցեր։
Եթե ծառայողական բենզինի կտրոններն իսկապես օգտագործվել են անձնական նպատակներով, անհրաժեշտ է պարզել՝ ինչ իրավական հիմքով և ինչ ծավալով։
Ո՞վ է վերահսկել կամ վերահսկում բենզինի կտրոնների տրամադրումն ու օգտագործումը, և արդյոք առկա են համապատասխան հաշվառման փաստաթղթեր։
Եվ, ի վերջո, սա նաև առաջին փորձություններից մեկն է՝ պարզելու, թե ինչպես է նոր ղեկավարությունն արձագանքում իր համակարգում հնարավոր չարաշահումների մասին ահազանգերին։
ՀՀ նորանշանակ ռազմական ոստիկանապետից ակնկալում ենք, որ այս ահազանգը կարժանանա պատշաճ ուշադրության և կստանա համապատասխան գնահատական»։
Նշենք, որ ներկայացված տեղեկությունները դեռևս անկախ հաստատում չեն ստացել։