537 դիտում, 2 ժամ առաջ - 2026-11-27 12:13
Քաղաքական խաղադաշտ

Սևանցիներին «գժի» տե՞ղ է դրել Վահրամ Գևորգյանը

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 29-ին մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու։ Բավական թեժ մրցակցություն է սպասվում նաեւ Սեւան խոշորացված համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցում են գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի գլխավորած դաշինքը, Ծովագյուղի երկարամյա գյուղապետ Վահրամ Գեւորգյանի դաշինքը, ինչպես նաեւ՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է անասնաբույժ Սուրեն Գրիգորյանը։

Մեր հարցումների համաձայն, հիմնական մրցակցությունն ընթանում է Սարգիս Մուրադյանի և Վահրամ Գեւորգյանի միջև, մինչդեռ ՔՊ թեկնածուն հանդես է գալիս «պիտուշի» կարգավիճակում, և եթե հիմնական թեկնածուներից որևէ մեկը չհավաքի ձայների մեծամասնությունը, ՔՊ-ն կփորձի կոալիցիա ձևավորել «հարմար» թեկնածուի հետ։ Քանի որ գործող համայնքապետի և մարզպետի մեջ կա թշնամական հարաբերություններ,մենայն հավանականությամբ, ՔՊ-ն պատրաստվում է համագործակցել Վահրամ Գեւորգյանի հետ։

«Իշխանություն» լրատվականը, հետեւելով Սեւան խոշորացված համայնքում ընթացող նախընտրական քարոզարշավին, մի շարք ուշագրավ արձանագրումներ է կատարել։

Վահրամ Գեւորգյանը քարոզարշավի ընթացքում հանդես է գալիս մի շարք հավակնոտ խոստումներով՝ մեկ տարվա ընթացքում վերանորոգել բոլոր տանիքները, մուտքերը, վերելակներն ու խաղահրապարակները, անվճար դարձնել ներհամայնքային տրանսպորտը եւ այլն։

Սակայն որքանո՞վ են այս խոստումներն իրատեսական եւ համապատասխան համայնքի ֆինանսական հնարավորություններին։

Մենք պարզ հաշվարկ կատարեցինք։ Սեւան խոշորացված համայնքի տարեկան շուրջ 3,2 մլրդ դրամ բյուջեն կբավականացնի միայն տանիքների եւ վերելակների փոխարինման համար։ Իսկ ի՞նչ միջոցներով են հոգալու համայնքի կոմունալ, սոցիալական եւ բազմաթիվ այլ պարտադիր ծախսերը։

Զավեշտալի է հնչում տրանսպորտն անվճար դարձնելու խոստումը։ Բանն այն է, որ ներհամայնքային տրանսպորտի սպասարկման մրցույթները վերջերս են անցկացվել, եւ անվճար ուղեւորափոխադրումներ ապահովելու համար համայնքը պետք է սուբսիդավորի ուղեվարձերը, ինչը Սեւանի մասշտաբներով զգալի ֆինանսական ծախս է ենթադրում։

Ի դեպ, այս անիրատեսական խոստումների մասին օրերս խոսել է նաեւ Սեւան այցելած Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Լիա Սարգսյան

Մանրամասները՝ տեսանյութում