1914 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-10 11:19
Օրենքի դաշտում

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է

«Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը»,-հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Իշխանություն» լրատվականը գրել էր, որ խոսքը Մեղրիի Տերտերասարի ոսկու հանքի մասին է, որ շուրջ 2 տարի առանց լիցենզիայի շահագործել է Սիլվա Համբարձումյանի «Սիփան 1» ընկերությունը:

Երեկ գրել էինք, որ քրեական վարույթի շրջանակում շոշափվում է նաև գործարար Սիլվա Համբարձումյանի անունը։
Մեզ հայտնի դարձավ, որ Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը, Սյունիքի էկոպարեկների պետի ժամանակավոր պաշտոնակատար Սասուն Մանուկյանը և ևս վեց անձ ձերբակալվել են Սիլվա Համբարձումյանի «Սիփան 1» ընկերության կողմից Մեղրիի Տերտերասարի ոսկու հանքն ապօրինի շահագործելու վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակում։

«Իշխանության» տեղեկություններով՝ իրավախահները կասկածներ ունեն, որ շուրջ երկու տարի Սիլվա Համբարձումյանի ընկերությունն առանց համապատասխան լիցենզիայի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը՝ կաշառելով պաշտոնյաների, էկոպարեկային ծառայության աշխատակիցների, եւ այլ պետական պաշտոնյաների։

Հատկանշական է, որ նույն Սիլվա Համբարձումյանը նախկինում հայտարարել էր, որ 2008 թվականին արաբների հետ խոշոր գործարք է իրականացրել և այդ գործարքին չխոչընդոտելու համար գումար է տվել նաև Ռոբերտ Քոչարյանին։

Մինչդեռ պարզվում է, որ Սիլվա Համբարձումյանի ընկերությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք շուրջ երկու տարի ենթադրաբար ապօրինի գործունեություն է ծավալել՝ առանց համապատասխան լիցենզիայի շահագործելով Տերտերասարի ոսկու հանքը։

Շուրջ երկու տարի, փաստորեն, աչք է փակվել հանքի ենթադրյալ ապօրինի շահագործման վրա։ Հնարավո՞ր էր արդյոք նման ծավալի գործունեությունը շուրջ երկու տարի շարունակել՝ առանց իշխանական համակարգի ավելի բարձր օղակներում հովանավորության կամ առնվազն տեղեկացվածության։

Լիա Սարգսյան