351 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-28 19:11
Ի՞նչ է ուզում ժողովուրդը

«Իշխանությունները մեզ հիշում են մենակ ձայն հավաքելուց». Շիրակի փողոցի բնակիչները ահազանգում են

Երևանի Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի 7-րդ շենքի բնակիչները տարիներ շարունակ չեն կարողանում լուծել կոյուղու խնդիրը։ Նրանց խոսքով՝ կոյուղաջրերը պարբերաբար դուրս են գալիս դիտահորերից և լցվում շենքի բակ։ Խնդիրը հատկապես սրվում է երեկոյան ժամերին, երբ բնակիչները վերադառնում են աշխատանքից և սկսում օգտվել ջրից։ Բնակիչները պնդում են, որ բազմիցս դիմել են համապատասխան կառույցներին, սակայն խնդրի հիմնավոր լուծման փոխարեն կոյուղին ժամանակ առ ժամանակ մաքրում են, ինչից հետո իրավիճակը կրկին նույնն է դառնում։

«Արդեն երեք տարի է՝ այս վիճակն է։ Ում դիմում ենք, ոչ ոք տեր չի կանգնում։ Թաղապետարան, քաղաքապետարան՝ բոլոր տեղերը դիմել ենք, բայց ամեն մեկը խնդիրը մյուսի վրա է գցում։ Գալիս են, մաքրում, մի քիչ ջուրը գնում է, բայց հաջորդ առավոտյան նույն վիճակն է»,- պատմում է բնակիչներից մեկը։

Նրա խոսքով՝ խնդիրը կարող է կապված լինել կոյուղատար խողովակների վնասվածքի կամ խցանման հետ։ Բնակիչը նշում է, որ շենքը կառուցվել է 1973 թվականին, և ենթադրում է, որ տարիների ընթացքում ստորգետնյա խողովակները կարող էին վնասվել կամ նստվածք տալ։ Սակայն խնդրի իրական պատճառը, նրա խոսքով, մինչ օրս պարզված չէ։

Բնակիչները պնդում են, որ կոյուղու մաքրումը ժամանակավոր լուծում է, և անհրաժեշտ է պարզել վթարի պատճառը։

«Միայն մաքրելով հարցը չի լուծվում։ Պետք է ինժեներ գա, ուսումնասիրի, տեսնի՝ խողովակն է կոտրվել, թե ուրիշ խնդիր կա։ Այս շաբաթ արդեն երեք անգամ զանգել եմ, գալիս են, մաքրում ու գնում, բայց խնդիրը մնում է»,- ասում է բնակիչը։

Նրա խոսքով՝ կոյուղաջրերը լցվելու վտանգը հատկապես մեծ է շենքի առաջին հարկերի բնակիչների համար։ Նախկինում ջուրը ներթափանցել է բնակարաններ, և բնակիչները ստիպված են եղել ինքնուրույն միջամտել՝ իրավիճակը վերահսկելու համար։

Խնդիրը, ըստ բնակիչների, անհանգստություն է պատճառում նաև երեխաների անվտանգության տեսանկյունից։ Կոյուղաջրերը տարածվում են այն հատվածում, որտեղ երեխաները խաղում են։

«Երեխաներին արդեն չենք թողնում բակում խաղան։ Երեխաներ են, կարող են կեղտոտվել, ձեռքերով դիպչել, հետո ձեռքերը տանել բերանը։ Հիվանդանալու վտանգ կա։ Ամռանն էլ, երբ շոգ է, հոտն անտանելի է»,- ասում է բնակիչը։

Բնակիչների խոսքով՝ խնդրի լուծման հարցում հստակ պատասխանատու կառույց գտնել չեն կարողանում։ Երբ դիմում են շենքի սպասարկմամբ զբաղվող կառույցին, նրանց տեղեկացնում են, որ խնդիրը «Վեոլիա Ջրի» պատասխանատվության տիրույթում է, իսկ համապատասխան կառույցներին դիմելիս, բնակիչների պնդմամբ, նրանց կրկին ուղղորդում են այլ հասցեով։

Նրանց խոսքով՝ կապ են հաստատել նաև «Վեոլիա Ջուր» և խնդրի մասին տեղեկացրել ընկերության աշխատակիցներին։ Բնակիչներից մեկը պնդում է, որ իրեն խոստացել են ինժեներ ուղարկել, սակայն մինչ այժմ տեղում մասնագետի չեն հանդիպել։

Բնակիչները պահանջում են ոչ թե հերթական մաքրումը, այլ խնդրի պատճառը բացահայտող և այն վերջնականապես լուծող միջամտություն։

Նրանք պատրաստակամություն են հայտնում անհրաժեշտության դեպքում քննարկելու նաև իրենց հնարավոր մասնակցությունը աշխատանքներին, եթե դրա կարիքը լինի։ Սակայն, նրանց խոսքով, առաջին հերթին անհրաժեշտ է մասնագիտական ուսումնասիրություն և հստակ լուծում։

«Եթե անհրաժեշտ է քանդել ու խողովակները փոխել, թող հաշվարկեն, ասեն՝ ինչ է պետք։ Մենք էլ պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում օգնել։ Բայց այսպես շարունակվել չի կարող։ Ամեն անգամ գալիս են, մաքրում ու գնում, իսկ հաջորդ առավոտյան նորից նույն վիճակն է»,- ասում է բնակիչը։

Հարությունյան Մարգարիտա