2247 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-08 22:32
Քաղաքական խաղադաշտ

Չորս ընտրատարածքից արդեն 120 ձայն վերադարձել է մեզ. Արման Աբովյան

Չորս ընտրատարածքից արդեն 120 ձայն վերադարձել է մեզ. Արման Աբովյան

Ընդամենը չորս ընտրատարածքից արդեն 120 ձայն վերադարձել է մեզ։ Այսինքն՝ մենք համեմատության և վերահաշվարկի արդյունքում արդեն իսկ բացահայտել ու գտել ենք այդ ձայները։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքների հաշվարկի ժամանակ արձանագրված գործընթացներին։

Արման Աբովյանի խոսքով՝ այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնվում է վերահաշվարկի պրոցեսի մեջ։ Կուսակցությունը պահանջել է հրապարակված տվյալների վերահաշվարկ, քանի որ ամենավերջին պահին հրապարակված թվերից պարզվել է, որ ԲՀԿ-ից խիստ չնչին քանակությամբ ձայներ են պակասում խորհրդարան անցնելու համար։

Թեև քաղաքական գործիչը զերծ մնաց հստակ տեղամասերի քանակ նշելուց, քանի որ պրոցեսն ընթացքի մեջ է, սակայն վստահեցրեց, որ խոսքը մեկ կամ երկու տեղամասի մասին չէ։

ԲՀԿ ներկայացուցիչը հայտարարեց, որ իր հիմնավոր կասկածներով ու ենթադրությամբ՝ կատարվածը ոչ թե տեխնիկական բնույթ է կրում, այլ քաղաքական։ Ըստ նրա՝ բոլորովին այլ գործընթացներ կգնան Ազգային ժողովում, եթե լինեն երեք կամ չորս ընդդիմադիր ուժեր, և բոլորովին այլ իրավիճակ կլինի, եթե խորհրդարանում հայտնվեն ընդամենը երկու ընդդիմադիր ուժ։

Հարցին, թե արդյոք ձայները պակասեցվել են միտումնավոր, Արման Աբովյանն արձագանքեց.«Քանի դեռ չունենք փաստագրական փաստեր, ես 100%-ով ոչ մի բան պնդել և ցեխ շպրտել ոչ մեկի վրա չեմ կարող։ Բայց գործընթացների տրամաբանությունը և այն ամենը, ինչին մենք ականատես եղանք, հուշում են, որ այո՛, հնարավոր է նաև, որ ձեր վարկածը լինի ճիշտ»։