1602 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-27 15:17
Քաղաքական խաղադաշտ

ՔՊ-ն նույնիսկ այն ձայները չունեն, որոնք հարայ-հուրով ներկայացրեց. Արման Աբովյան

ՔՊ-ն նույնիսկ այն ձայները չունեն, որոնք հարայ-հուրով ներկայացրեց. Արման Աբովյան

Իշխանությունը պետք է շատ հստակ ֆիքսի, որ այսօր ինքը ոչ թե «Բարգավաճ Հայաստան»-ի կամ այլ քաղաքական ուժերի դեմ է պայքարում, այլ Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնության դեմ, որն իրենց ձայն չի տվել։

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացներին և Սահմանադրական դատարանում ընթացող քննությանը։

Արման Աբովյանը շեշտեց, որ հաշվի առնելով արձանագրված խախտումները՝ իշխանություններն իրականում չունեն այն ձայները, որոնք «հարայ-հուրով» ներկայացրել են։ Ըստ նրա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունները և ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումները մարդկանց մոտ ոչ թե անտարբերություն, այլ մեծ ջղայնություն են առաջացրել։

Անդրադառնալով ընդդիմության հաջորդ քայլերին և շրջանառվող «Պլան B»-ի տարբերակին՝ Արման Աբովյանը նշեց, որ չի ցանկանում ժամանակից շուտ փակագծեր բացել, քանի որ ինքը՝ որպես պատգամավորի թեկնածու, հետաքրքրված կողմ է, և իր խոսքը կարող է ընկալվել որպես ճնշում դատարանի նկատմամբ։

«Սահմանադրական դատարանից պահանջվում է միայն մի բան, որ այն գործի համաձայն ՀՀ Սահմանադրության։ Ցավոք, այն իրավիճակը, որ ձևավորվել է Հայաստանում, հստակ ցույց է տալիս, որ մենք ընդամենն ակնկալում ենք, որ ՍԴ-ն որոշում ընդունի համաձայն Սահմանադրության, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի՝ իշխանության քմահաճույքով»,- ասաց նա։

Աբովյանը վստահեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բոլոր գործողությունները եղել և լինելու են բացառապես օրենքի ու Սահմանադրության շրջանակներում, և ցանկացած ապօրինի քայլ նույնիսկ չի էլ դիտարկվում։ Ինչ վերաբերում է մանդատները վերցնել-չվերցնելու հարցին՝ Աբովյանն ընդգծեց, որ այդ մասին խոսելը դեռ վաղ է, և յուրաքանչյուր գործընթաց ունի իր առավելություններն ու թերությունները։

Հարցին, թե արդյո՞ք այս շրջանում հանդիպել են Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը՝ հաշվի առնելով վերջինիս կոչը համախմբվելու վերաբերյալ, Արման Աբովյանը պատասխանեց, որ նման տեղեկություն չունի, հակառակ դեպքում՝ վստահաբար կիմանար։

Միևնույն ժամանակ, նա հիշեցրեց, որ լայն ճակատով համախմբման գործընթացն առաջինը գեներացրել է հենց «Բարգավաճ Հայաստանը», երբ հայտնի դարձավ, թե ինչպես են ուղղակի ոչնչացնում կուսակցության քվեները։

«Սա մանդատների կռիվ չի, Ազգային ժողով անցնելու կամ չանցնելու կռիվ չի։ Խնդիրն ավելի լայն է. եթե այսօր անտեսվում են ՀՀ քաղաքացու, և նույնիսկ իշխանությանը քվեարկած մարդկանց շահերը, ապա լավ բաներ չեն սպասվում։ Արտաքին ճնշումների տեսանկյունից ձեռնտու է, որ Հայաստանը լինի մաքսիմալ թուլացած՝ ապալեգիտիմ պառլամենտով, ինչի նշույլները մենք այսօր տեսնում ենք»,- եզրափակեց Արման Աբովյանը։