Այստեղ լուծվում է ոչ թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 10, 20 կամ 50 ձայնի խնդիրը, այլ առհասարակ այն, թե մենք՝ որպես երկիր, դեպի ուր ենք շարժվում։ Իշխանությունները կացնահարում են ժողովրդավարության վերջին նշույլները։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց տեղի ունեցող ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը։
«Ես ռելևանտ չեմ համարում քննարկել, թե ինչու են այսքան ոստիկան բերել։ Ըստ երևույթին՝ ունեն ինչ-որ վախեր, բայց այդ վախերն ապարդյուն են։ Այստեղ տեղի է ունենում ընդամենը Հայաստանի Հանրապետության ժողովրդի քվեի պաշտպանությունը, որպեսզի քվեագողություն տեղի չունենա»,- ասաց նա։
Աբովյանի խոսքով՝ գործող իշխանությունները «սանձերը թողած» վիճակում են և խոսում ու անում են այն, ինչ խելքներին փչում է, ինչն ուղղակիորեն հարվածում է պետության շահերին։
Պատգամավորի թեկնածուն հիշեցրեց, որ ԿԸՀ-ն այսօր ղեկավարում է Վահագն Հովակիմյանը, ով անցյալում սերտ աշխատանքային և ընկերական կապեր է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս առումով Աբովյանը հույս հայտնեց, որ պատասխանատու պաշտոնյաները կգործեն բացառապես օրենքի շրջանակներում։
«Ես հույս ունեմ, որ յուրաքանչյուր պաշտոնյա, հատկապես նա, ով պատասխանատու է արդար, ազնիվ և ճիշտ արդյունքների հնչեցման համար, չի ենթարկվի ճնշումների և SMS-ով ապօրինի որոշումներ չի կայացնի, այլ պարզապես կկատարի իր պարտականությունները»,- ասաց նա։
Արման Աբովյանի խոսքով՝ ընդդիմության կողմից իբր ընտրակաշառքներ բաժանելու կամ օրինազանցություններ կատարելու մասին հայտարարությունները հիմար և շինծու են։ Նրա ձևակերպմամբ՝ դրանց նպատակը իշխանության ակնհայտ խախտումները կոծկելն ու հավասարակշռության պատրանք ստեղծելն է։
«Մենք չունենք փաստագրական ոչ մի տվյալ, բացի ապօրինի հրապարակված տարատեսակ ձայնագրություններից։ Իշխանության կողմից ընտրական պրոցեսի ջախջախման բազմաթիվ փաստերի պարագայում միջազգային դիտորդական առաքելությունները պատշաճ չեն արձագանքում այս խուլիգանությանը»,- ասաց նա։
Անդրադառնալով դատարանի և ԿԸՀ-ի գործողություններին, որոնցով չեղարկվել էին ընտրությունների արդյունքները երկու ընտրատարածքներում, Աբովյանը հայտարարեց, որ իշխանության կողմից իրավական բացարձակ կամայականություն է տեղի ունենում։
«Մեր փաստաբանները և երրորդ կողմի ներկայացուցիչները՝ Արծվիկ Մինասյանը, Արամ Վարդևանյանը, դատարանում ուղղակի ոչնչացրեցին այն հիմքերը, որոնցով ապօրինի որոշում էր ընդունվել։ Սկզբից հաստատում են ընտրությունները, հետո, երբ զգում են՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անցնում է խորհրդարան՝ չեղարկում են»,- նշեց նա։
Աբովյանը հավելեց, որ վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ի օգտին 100-ից ավելի ձայն էր ավելացել, և տեսնելով, որ կուսակցությունը հաղթահարում է անցողիկ շեմը, իշխանությունները «ափալ-թափալ» հավաքվեցին՝ ձայները նվազեցնելու որոշում կայացնելու համար։
«Իշխանություն» լրատվականի հարցին, թե արդյո՞ք ընդդիմությունը պատրաստվում է վերցնել պատգամավորական մանդատները, Արման Աբովյանը պատասխանեց, որ այս պահին այդ թեման քննարկելը վաղ է, քանի որ առաջնայինը քաղաքացիների քվեի պաշտպանությունն է։
Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ ակցիայի վայրում հավաքվել են ոչ միայն ԲՀԿ համակիրները, այլև ողջ իրական ընդդիմությունը, որը Նիկոլի գրպանի ընդդիմությունը չէ։