237 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-28 14:17
Հայաստանով մեկ

COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան

COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցների համար կազմակերպվել են դաշտային այցեր Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի պատմամշակութային հուշարձաններ։ Այցերի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել Հայաստանի մշակութային ժառանգությունը՝ ցույց տալով դրա կապը կենսաբազմազանության, բնության և շրջակա միջավայրի պահպանության հետ։

«Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդի վանական համալիր, Գառնու տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան։ Գառնու տաճարի հարակից տարածքում «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը ներկայացրել է բնաշխարհի հետ հայ ժողովրդի մշակութային կապն արտահայտող ավանդական երգեր և պարեր։ Հնչել են «Խնկի ծառ», «Ցորեն եմ ցանե», «Ծառ փնջելու» պարերգը, ինչպես նաև կենդանիների պաշտամունքին և դրանց նմանակմանն առնչվող ավանդական պարեր՝ «Կռնկավեն», «Ղազ-ղազի», «Զաքենի» և այլ ստեղծագործություններ։ Կազմակերպվել է նաև ցուցահանդես-վաճառք՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի, «Տերյան» մշակութային կենտրոնի, տեղական արտադրողների և արհեստավորների մասնակցությամբ։

Հաջորդաբար մասնակիցներն այցելել են նաև «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոց, ծանոթացել են Սևանա լճի կենսաբանական նշանակությանը և տարածքի հարուստ կենսաբազմազանությանը։ Այնուհետև Սևանի բուսաբանական այգում հյուրերին ներկայացվել են տարածքում աճող և տեղական պայմաններին հարմարված բուսատեսակները, այդ թվում՝ Կարմիր գրքում ընդգրկված տեսակները։

Սևան քաղաքի տաղավարային գոտում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու տեղացի ստեղծագործողների աշխատանքներին և արտադրանքին։ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն ներկայացրել է հայկական խոհարարական ժառանգությունը՝ ավանդական ուտեստի պատրաստման ցուցադրությամբ։ Սևանի մշակույթի կենտրոնում ծրագիրը շարունակվել է «Լճի մարդիկ․ Սևանի ձկնորսները» վավերագրական ֆիլմի դիտումով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից նկարահանված ֆիլմը ներկայացնում է Սևանի ձկնորսական մշակույթը, ձկնորսների հիշողությունները և լճի հետ նրանց կապը։ Ֆիլմի ցուցադրությանը հաջորդել է հանդիպում և զրույց ֆիլմի հերոսների՝ Սևանի ձկնորսների հետ, որն ամփոփվել է ԳԱՄՄԱ բենդի համերգով։ Օրվա մշակութային ծրագիրը շարունակվել է «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում՝ տեղական բուսատեսակներից պատրաստված «Սևան թեյի» հյուրասիրությամբ և ստեղծագործական աշխատարանով։