Այսօր փորձ է արվում խլել քաղաքացիների իրավունքներն ու «գետնով տալ» մարդկանց արժանապատվությունը։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացներին։
«Հիշում եք, չէ՞, նախընտրական փուլում մի մարդ գունավոր գլխարկով իրեն ճղում էր և սպառնում էր կզցնել, խլել, գետնով տալ և այլն։ Այո, այսօր իրենք փորձում են խլել մեր իրավունքը։ Ընդ որում՝ խոսքը միայն մեր մասին չէ, այլ նաև այն մարդկանց, ովքեր մեզ նայում են և միգուցե մեզ հետ համաձայն չեն։ Այսօր փորձ է արվում գետնով տալ բոլորիս իրավունքը»,- նշեց Աբովյանը։
Նա հիշեցրեց նաև Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարություններն այն մասին, թե իրենց կողմից որևէ կեղծարարության դեպքում սեփական ձեռքերը կկտրի։
«Մենք հումանիստ ենք, չենք ուզում, որ Նիկոլ Փաշինյանն իր ձեռքերը կտրի, և դրանով են պայմանավորված նաև մեր այսօրվա գործողությունները»,- ասաց նա, ապա հավելեց, որ իրավիճակն իրականում չափազանց լուրջ է, և ժամը 13:00-ից իրենք լինելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց։
Արման Աբովյանն ընդգծեց, որ այս ամենն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի ապագայի վրա։
«Եթե այսօր ջարդեցին ձեզ՝ այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ պայքարել են իրենց քվեի և իրավունքների համար, եթե ձեզ ու մեզ ջարդեցին, վաղը վստահաբար ջարդելու են Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակեց Աբովյանը։