Հարուցված քրեական վարույթի շրջանակում
«Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունների խմբի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը այսօր հրավիրվել էր Քննչական կոմիտե:
«Իշխանություն» լրատվականի հարցին, թե ինչպես է մեկնաբանում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը, Նալբանդյանը պատասխանեց. «Ինձ համար ծիծաղելի է էս ամեն ինչը, ավելի լավ է՝ թող փաստաբանը մեկնաբանի»։
Հիշեցնենք, որ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համասեփականատիրոջ ինքնասպшնության գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Նարեկ Նալբանդյանին և «Սպայկայի» Դավիթի նկատմամբ:
Նալբանդյանի փաստաբան Կարեն Տոնոյանը «Իշխանության» հետ զրույցում անդրադառնալով առաջադրված մեղադրանքին՝ հերքեց մամուլում տարածված տեղեկությունները, թե իր պաշտպանյալը մեղադրվում է նաև շորթման մեջ։
«Նախ կցանկանայի մի շեշտադրում անել։ Մամուլում որոշ լրատվամիջոցներ նաև տեղեկություն էին տարածել, որ շորթման մասով մեղադրանք կա, բայց ցանկանում եմ հստակ հայտարարել, որ Նարեկ Նալբանդյանի նկատմամբ շորթման մասով որևէ մեղադրանք չկա։
Ինչ վերաբերում է Ձեր նշած հոդվածին, ապա ցանկանում եմ շեշտել, որ Նարեկ Նալբանդյանը մեղադրանքը չի ընդունում։ Գտնում ենք, որ այն անհիմն է, և ես վստահ եմ, որ նախաքննության արդյունքում կհաստատվի մեղադրանքի անհիմն լինելը։
Նախաքննական գաղտնիությունից ելնելով՝ այժմ շատ փակագծեր բացել չեմ կարող։ Սակայն, հաշվի առնելով թե՛ մամուլում տարածված տեղեկությունները, թե՛ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից Արշավիր Հարությունյանի՝ նախկինում տված հարցազրույցները, կցանկանայի մեկ հանգամանք շեշտել. Նարեկ Նալբանդյանը նախկինում չի ճանաչել ո՛չ Արշավիր Հարությունյանին, ո՛չ Դավիթ Ղազարյանին։ Նա հակամրցակցային գործունեություն ծավալելու ուղղությամբ որևէ գործողություն չի իրականացրել և չէր էլ կարող իրականացնել»,- ասաց փաստաբանը։
Հետաքրքրվեցինք, թե ինչ հանգամանքներում է Նարեկ Նալբանդյանը հետաքրքրվել «Բոնուս» սուպերմարկետների ցանցով, ինչպե՞ս է որոշել ձեռք բերել այն։
«Ես կրկին պետք է շեշտեմ նախաքննության գաղտնիության հանգամանքը։ Շատ տվյալներ հայտնել չեմ կարող։ Ուղղակի սովորական գործարար տրամաբանություն է՝ գույքի վաճառք, գույքի վաճառքի առաջարկ, դրանով հետաքրքրվածություն։ Բայց նաև կցանկանայի շեշտել, որ, ի վերջո, այդ գործարքը չի կայացել, Նարեկ Նալբանդյանը գույքը չի գնել»,- նշեց փաստաբանը։
Մեր դիտարկմանը՝ գործարքը չի՞ կայացել Նարեկ Նալբանդյանի ցանկությամբ, թե՞ քրեական վարույթի հետևանքով, փաստաբանը պատասխանեց, որ գործարքը դադարեցվել է դեռևս մինչև քրեական վարույթը:
Հարցրինք նաև, թե ի՞նչ կապ ունի Նարեկ Նալբանդյանը Դավիթ Ղազարյանի («Սպայկայի» Դավիթի) հետ։
«Ոչ մի կապ չունի, եթե կարճ և կոնկրետ պատասխանեմ։ Երկու անձանց անուններն էլ շոշափվում են քրեական վարույթի շրջանակում։ Տեսե՛ք, այդ մասով եկեք շատ տեղեկություններ չհրապարակենք։ Ունենք այն, ինչ ունենք։ Դատախազության հրապարակումը կա։ Մենք պարզապես ցանկանում ենք շեշտել, որ Նարեկ Նալբանդյանը նախկինում չի ճանաչել ո՛չ Դավիթ Ղազարյանին, ո՛չ Արշավիր Հարությունյանին և որևէ առնչություն չի ունեցել մեղադրանքում նկարագրված գործողությունների հետ»,- ասաց նա։
Հիշեցրինք, որ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի տնօրենը նախկինում լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է Նարեկ Նալբանդյանին՝ շոշափելով նրա անունը։
«Այո՛, տեղյակ ենք այդ ամենից։ Ըստ էության, մեղադրանքը կառուցված է հենց տնօրենի ցուցմունքի հիման վրա, որն, իմ կարծիքով և գնահատմամբ, այս գործով միակ ապացույցն է։ Վստահ եմ, որ այլ արժանահավատ, ծանրակշիռ ապացույցներ չկան։ Ինչ վերաբերում է տվյալ անձի ցուցմունքին և նրա հայտնած տեղեկություններին, ապա թող նախաքննական մարմինն ուսումնասիրի ու պարզի դրանց արժանահավատությունը։ Մենք էլ մեր հերթին ներկայացրել ենք մեր փաստարկներն ու հակափաստարկները։ Կարծում ենք, որ քննությունն ի վերջո կհանգի…»։
Փաստաբանին նաև հարցրինք՝ եթե Նարեկ Նալբանդյանը նախկինում չի ճանաչել Դավիթ Ղազարյանին, ապա ինչպե՞ս է վերջինս զանգահարել նրան և առաջարկել ձեռք բերել «Բոնուս» սուպերմարկետների ցանցը։
Լսելով հարցը՝ փաստաբանը ժպտաց, ապա պատասխանեց. «Եկե՛ք, ես այդ մասով արդեն սահմանափակվեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լիա Սարգսյան