1461 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-20 15:17
Ի՞նչ է ուզում ժողովուրդը

Այգեպատի բնակիչները ահազանգում են․ գյուղում ճանապարհաշինությունից հետո վնասներ են առաջացել

Այգեպատ գյուղի Պարույր Սևակի փողոցի բնակիչները դժգոհում են ճանապարհաշինական աշխատանքների հետևանքներից։ Գյուղացիների խոսքով՝ ճանապարհի կառուցման ընթացքում վնասվել են իրենց տների հարակից հատվածները, պարիսպներ, սալիկապատ տարածքներ և ջրահեռացման համակարգեր, իսկ մի շարք խնդիրների լուծումն այժմ իրենց վրա է թողնվում։

Բնակիչներից մեկը «Իշխանություն» լրատվականին պատմել է, որ ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով առաջացած խնդիրների մասին տարբեր կառույցների է դիմել, սակայն հստակ պատասխան և լուծում չի ստացել։

«Գյուղապետը եկել, տեսել է իրավիճակը, բայց ասում է՝ ես իրավասու չեմ։ Քաղաքապետարանից էլ ասում են՝ իրենց դիմեք»,– պատմում է բնակիչը։

Նրա խոսքով՝ ճանապարհի հետ կապված որոշ աշխատանքներ իրականացվել են բնակիչների սեփական միջոցներով։

«Կամուրջներն էլ մեր միջոցներով ենք անում։ Մոտավորապես 22 մետրի համար միայն երկաթը շուրջ 4 միլիոն 500 հազար դրամ է։ Մնացած վնասները չեմ ասում՝ դիմացի սալիկները ջարդել են, տնկածները վնասվել են, պարիսպն են ջարդել»,– ասում է նա։

Գյուղացիների դժգոհությունը միայն վնասների վերականգնմանը չի վերաբերում։ Նրանք նաև կասկածներ ունեն կատարված աշխատանքների որակի վերաբերյալ։ Բնակչի խոսքով՝ ճանապարհի որոշ հատվածներում արդեն իսկ ճաքեր են առաջացել։

Նրա խոսքով՝ խնդիրը կարող է ավելի լուրջ դառնալ անձրևների և ձնհալի ժամանակ, քանի որ ջրահեռացման համակարգի աշխատանքը, ըստ բնակչի, բավարար չէ։

Այսպիսով, բնակիչների հիմնական պահանջը, ըստ նրանց ներկայացրածի, աշխատանքների հետևանքով առաջացած վնասները վերացնելն է։

Գյուղացիները նաև ցանկանում են, որ պատասխանատու կառույցները հստակ պատասխանեն՝ ով է պատասխանատվություն կրելու շինարարական աշխատանքների որակի, վնասների և դրանց վերականգնման համար։

Ճանապարհաշինական աշխատանքների համակարգողը ամբողջ ընթացքում նույնպես ներկա է եղել տարածքում։

«Իշխանություն» լրատվականի լրագրողը նրանից փորձել է պարզել, թե որ կազմակերպությունն է իրականացնում շինարարական աշխատանքները և ով է պատասխանատու կատարված աշխատանքների համար։

Սակայն աշխատանքների պատասխանատուն չի ներկայացրել կազմակերպության անվանումը՝ ասելով, որ կարիք չի տեսնում։

Հարությունյան Մարգարիտա