1641 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-05 14:05
Ի՞նչ է ուզում ժողովուրդը

Ոստիկանությունից ինձ ասել են՝ «Մեզ արդեն նեղություն եք տալիս, գնացեք վարձով ապրեք, մինչև մեռնի

Կառավարության շենքի դիմաց նստացույց է սկսել Արտաշատի բնակիչ Արամ Մնացականյանը։ «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում տղամարդը պատմել է, որ կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ շուրջ մեկ տարի է՝ ապրում է առանց մշտական բնակության վայրի։

Արամ Մնացականյանի խոսքով՝ իրեն, կնոջն ու երեխաներին հայրական տնից դուրս է հանել իր մայրը՝ ասելով՝ «խանգարում եք»:

Տղամարդը պնդում է, որ մայրը հոգեկան առողջության խնդիրներ ունի և չի գիտակցում իր գործողությունները։ Նրա խոսքով՝ նույն իրավիճակում նախկինում հայտնվել են նաև իր հայրն ու եղբայրը։

«50 տարի եմ ապրել այդ տանը։ Չեմ ուզում և չեմ կարող տուն վարձել՝ ֆինանսական խնդիրների պատճառով»,- պատմել է Մնացականյանը։

Նրա խոսքով՝ այս ընթացքում ընտանիքը գիշերներն անցկացրել է մեքենայում, բարեկամների տանը կամ երբեմն՝ բաց երկնքի տակ։

Մնացականյանը նշել է, որ դիմել է դատախազություն, ոստիկանություն, Մարդու իրավունքների պաշտպանին և այլ պետական կառույցների, սակայն, ըստ նրա, խնդիրը լուծում չի ստացել։

«Ոստիկանությունից ինձ ասել են՝ «Մեզ արդեն նեղություն եք տալիս, գնացեք վարձով ապրեք, մինչև մեռնի»։ Բա որ 30 տարի էլ ապրի՞։ Ես իրանից շուտ մեռնեմ փողոցո՞ւմ»,- ասել է նա։

Տղամարդը հայտարարել է, որ եթե հարցը չլուծվի, կառավարության շենքի դիմաց վրան կտեղադրի և ընտանիքի հետ այնտեղ կմնա։

«Իմ արարքների համար պատասխանատվություն չեմ կրում»,- ասել է Արամ Մնացականյանը։
 

Մանրամասները՝ տեսանյութում