2154 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-27 13:24
Քաղաքական խաղադաշտ

Մենք գործիք են դարձել Իրանին ու Ռուսաստանին ցավացնելու գործում, ինչը մեր շահերից չի բխում․ Քոչարյան

Ստորագրված փաստաթղթերում որևէ հրատապ հարց չկար։ Ինձ համար ակնհայտ է, որ այս այցը եղել է Հայաստանի կառավարության խնդրանքով և ավելի շատ քարոզչական բնույթ է կրում։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Հայաստան կատարած կարճատև այցի և օդանավակայանում ստորագրված փաստաթղթերի կարևորության մասին խոսելիս հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա պնդմամբ՝ այդ փաստաթղթերը շատ հանգիստ կարող էին ստորագրվել այլ միջավայրում, ոչ թե օդանավակայանում, սակայն նման ձևաչափն ընտրվել է գործընթացին արհեստականորեն մեծ բովանդակային կշիռ հաղորդելու համար։

Հարցին, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում պահել Նիկոլ Փաշինյանին և արդյոք Քոչարյանի կամ Սամվել Կարապետյանի ղեկավարման դեպքում հարաբերությունները Վաշինգտոնի հետ կվատանան, երկրորդ նախագահը պատասխանեց.

«Հաստատ չեն վատանալու, և այս էնտուզիազմը, որով փորձում են աջակցել Փաշինյանին, ինձ համար անհասկանալի է։ Մենք նախկինում ունեցել ենք շատ արդյունավետ համագործակցություն, և ես չեմ հասկանում, թե ինչու են այս աստիճանի ներխուժում մեր ներքաղաքական տարածք։ Սա լավ բանի մասին չի խոսում»։

Ռոբերտ Քոչարյանի ձևակերպմամբ՝ այս ամենն ավելի շատ նման է Ռուսաստանին կամ Իրանին «ցավացնելու» միտված քայլերի, որտեղ Հայաստանը պարզապես վերածվում է կույր գործիքի, ինչը բացարձակապես չի բխում պետական շահերից։

«Ես ոչինչ չունեմ Միացյալ Նահանգների դեմ։ Պետք է բարեկամ երկիր լինել, բայց այդ բարեկամությունը մեզ չպետք է թշնամացնի մեր այլ բարեկամների հետ, որոնք ներկա են տարածաշրջանում, շատ ավելի մեծ ազդեցության հնարավորություն ունեն, և որոնց տնտեսական հզորություններից ու կարողություններից մենք շատ ավելի մեծ կախվածություն ունենք»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը։