Ութ տարի մեր ժողովուրդը լիարժեք հավատալով սպասում է, որ իր կյանքում մի բան կփոխվի, որ իր մասին մտածող ու մատից փուշ հանող կլինի։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին Մարտունիում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Ծառուկյանն անդրադարձավ իր հասցեին հնչող քննադատություններին և ներկայացրեց իրենց նախընտրական ծրագրի առանցքային դրույթները։ Այն է՝ անվճար առողջապահություն և կրթություն, թոշակների բարձրացում, մինչև 3 միլիոն դրամ վարկերի ներում և այլն։
«Մենք ունենք 2 միլիոն 400 հազար վարկառու։ Մարդիկ այդ վարկերը ճոխության համար չեն վերցրել։ Մեր առաջին որոշումն է լինելու՝ մինչև 3 միլիոն դրամի վարկերին անմիջապես ներում շնորհել, որպեսզի մարդիկ դուրս գան այս ճահիճից»,- հայտարարեց նա։
Կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը քննադատելով՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ երկրի արտաքին պարտքը հասել է 15 միլիարդի, որը փակելու է ժողովուրդը։ Ըստ նրա՝ այդ գումարներով կարելի էր խոշոր ծրագրեր իրականացնել և զարգացնել տուրիզմը, ինչի արդյունքում երկիր կմտներ 100 միլիարդ դոլար, որից կօգտվեին թե՛ տաքսիստները, թե՛ գյուղացիները, և թե՛ Սևանի, Մարտունու ու Վարդենիսի բնակիչները։
Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև Ադրբեջանից հնչող սպառնալիքներին։
«Դուք երևի լսել եք, որ Ալիևը Սևանն անվանում է Գյոյչա ու ասում է, թե դա Ադրբեջան է։ Իրենք այսօր պատրաստվում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» հիմնելու խնդիրը առաջ տանել»,- ասաց նա։