Այս ընթացքում ակտիվ քաղաքականությամբ չեմ զբաղվել, բայց ես շատ լավ ու ամուր կապեր ունեմ Ռուսաստանի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ մարզական աշխարհի ղեկավարության հետ։ «Բարգավաճ Հայաստանը» հուշագիր ունի ստորագրված «Եդինայա Ռոսիայի» հետ, համագործակցում ենք նաև Կոմունիստական կուսակցության հետ, և իմ նպատակը միշտ եղել է օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին այսօր հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Որպես օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը նշեց Վերին Լարսի անցակետի խնդրի կարգավորումը, երբ անձամբ դիմել է ռուսաստանցի գործընկերներին ու պաշտոնյաներին, ինչից հետո 3 միլիարդ գումար հատկացնելու շնորհիվ թողունակությունը օրական 600 մեքենայից հասել է 1600-ի։
Նա ընդգծեց, որ նմանատիպ կապեր ունի նաև Եվրոպայում, Անգլիայում և արաբական երկրներում, որտեղից ժամանակին շեյխեր ու լորդեր էր բերում Հայաստան՝ խոշոր ներդրումային ծրագրեր, հյուրանոցներ ու անվճար հիվանդանոցներ կառուցելու նպատակով։
Ծառուկյանը շեշտեց, որ վերջին երկու տարիներին իր հիմնական նպատակը եղել և մնում է հայ գերիների վերադարձի հարցը։
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի, մասնավորապես՝ «Ջերմուկ Գրուպի» նկատմամբ կիրառվող սահմանափակումներին՝ ԲՀԿ առաջնորդը նշեց, որ դա երկրի վարած սխալ արտաքին քաղաքականության հետևանքն է։
«Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց երբ այսօր նա պատերազմի մեջ է Ուկրաինայի դեմ, իսկ դու Ուկրաինայի նախագահին հրավիրում ես այստեղ ու քննադատական հայտարարություններ անում, ՌԴ-ն հարցեր է կուտակում։ Ռուսական կողմն ասում է՝ ես հայ ժողովրդին հարգում եմ, հարց ունեք՝ եկեք կլոր սեղանի շուրջ խոսենք, բայց եթե ուրիշ գործընկերների եք նախընտրում ու թշնամական քայլեր անում, մենք էլ պատասխան քայլեր կանենք։ Եթե փակվի Ռուսաստանի 3 միլիարդ դոլարի շուկան, որտեղ արտահանում ենք մեր միրգը, գինին, կոնյակն ու ձուկը, գյուղերը կդատարկվեն, ժողովուրդը կսնանկանա»,- ասաց Ծառուկյանը։
Խոսելով իրավապահ համակարգի միջոցով իրեն վախեցնելու և ճնշումներ գործադրելու փորձերի մասին՝ Ծառուկյանն ասաց, որ իր միակ մտահոգությունը հայրենիքն է, իսկ այդ քայլերը ժամանակավոր բնույթ են կրում։ Նա նշեց, որ իր ընկերություններն ամսական 500 միլիոն դրամի հարկ են վճարում պետությանը, և հայհոյանքով ու ձերբակալություններով երկիր չի կառուցվում։