1368 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-27 14:57
Պատմության հետքերով Քաղաքական խաղադաշտ

Ալիևի ախորժակը շատ մեծ ա, իրա նպատակը Սևանն ու Երևանն ա. Ծառուկյան

Ալիևի ախորժակը շատ մեծ ա, իրա նպատակը Սևանն ու Երևանն ա. Ծառուկյան

Սուտ ասելը սրանց համար արդեն փեշակ է դարձել, ժողովո՛ւրդ։ Ասում են՝ խաղաղություն ենք բերել, ու առանց որևէ ծրագրի ման են գալիս, ներկայացումներ անում։ Հետներն էլ մի վեց ավտոբուս մարդ են տանում, կամ էլ պարտադրում են, որ գան, թե չէ՝ գործից կհանեն։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Վարդենիսում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Ծառուկյանի խոսքով՝ մարդիկ վախենում են գալ հանդիպումների, որպեսզի աշխատանքից չազատվեն, մինչդեռ այսպես երկիր կառավարել չի լինի։ Նա քննադատեց իշխանություններին քարտեզներով շոուներ անելու համար, երբ իրականում երկիրը մասնատվում է, իսկ սահմաններին վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում.

«Մի հատ նշան են սարքել, քարտեզ կպցնելով՝ իբր նոր ենք հայտնաբերել Հայաստանը։ Այսօր ադրբեջանցիները մեր հողերի, բարձունքների վրա բազաներ ու զորքեր են դրել, մտել են ու հետ չեն գնում, գյուղացին չի կարողանում իր տարածքը գնա, մշակի։ Ու ասում են՝ խաղաղություն ենք բերել։ Թող ցույց տան Իլհամ Ալիևի հետ ստորագրած, կնքած թուղթը, որ այսօրվանից խաղաղություն է, և որևէ մեկը իրավունք չունի սահման խախտելու կամ կրակելու։ Սա ընդամենը բանավոր պայմանավորվածություն է, իսկ Ադրբեջանի ախորժակը շատ մեծ է։ Ասում են՝ Սևանը, Երևանն իրենցն են, ու Նախիջևանում ծրագիր են իրականացնում, որ կարողանան «Արևմտյան Ադրբեջան» ստեղծել։ Մենք պետք է միասնական լինենք ու ճիշտ ընտրություն կատարենք, որ նույն Ղարաբաղի ճակատագրին չարժանանանք»,- ասաց նա։

ԲՀԿ առաջնորդը ներկայացրեց իրենց թիմի նախընտրական ծրագրային դրույթները, որոնք, ըստ նրա, լիովին իրատեսական են և ուղղված են խեղճացած ու վարկերի տակ կորած ժողովրդին ոտքի կանգնեցնելուն։

Գագիկ Ծառուկյանն իր ելույթում անդրադարձավ նաև երկրի զարգացման իր տեսլականին՝ շեշտելով, որ փոքր գործարանները հարց չեն լուծում, այլ պետք են հսկայական ներդրումային ծրագրեր։ Որպես օրինակ նա բերեց իր կողմից կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանը։

«Այսօր մենք պարտվել ենք, կորցրել ենք, հայությունը խեղճացած է ու ասելու բան չունի աշխարհին։ Բայց Աստծո կամքով ես քայլ արեցի՝ ցույց տալու, որ մենք աշխարհում առաջին քրիստոնյա պետությունն ենք։ Մենք այս չափից մեծ ծրագիրն իրագործում ենք, որ տուրիզմը զարգանա։ Եթե տարեկան 20 միլիոն տուրիստ գա, յուրաքանչյուրը 7 օրում 5000 դոլար ծախսի, դա կազմելու է 100 միլիարդ դոլար, որը մտնելու է երկիր։ Դրանից օգտվելու են բոլորը՝ գյուղացին, քաղաքացին, տաքսիստը, փոքր ու միջին բիզնեսը»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։