«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում բողոքի ալիք է հասունանում։ Ուսանողները դեմ են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում իրենց բուհը Մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հետ միավորմանը։
Երեկ տեղի է ունեցել հանդիպում «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համակարգող բրիտանացի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել է երեք բուհերի միավորման հարցը։ Բրյուսովի ուսանողները դեմ են արտահայտվել՝ հիմնավորելով, որ առաջարկվող կրթական կլաստերը չի համապատասխանում իրենց համալսարանի մասնագիտությունների ճնշող մեծամասնության ուղղվածությանը։
Մեզ հայտնեցին, որ միավորումը նախատեսվում է իրականացնել արդեն հունվար-փետրվար ամիսներին, ինչն էլ ավելի է սրել Բրյուսովի ուսանողների դժգոհությունը։ Նրանք միմյանց հորդորում են համախմբվել և պատրաստվել պայքարի։
Մեզ պատմեցին նաև, որ անգամ իշխանական հայացքներ ունեցող համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն է ուսանողների հետ զրույցներում դեմ արտահայտվել բուհերի հետ միավորմանը։ Ուսանողների փոխանցմամբ՝ Գյուրջինյանը վստահեցրել է, որ քանի դեռ ինքն է Բրյուսովի ռեկտորը, նման միավորում տեղի չի ունենա։
«Իշխանությունը» կապ հաստատեց Գյուրջինյանի հետ։ Վերջինս սկզբում հրաժարվեց մեկնաբանությունից՝ ասելով, թե ով հանդիպել է բրիտանացիների հետ, թող ինքն էլ տեսակետ հայտնի։ Սակայն երբ նշեցինք, որ ուսանողների փոխանցմամբ՝ ինքն էլ է դեմ միավորմանը, Գյուրջինյանը հայտարարեց, որ կողմ է, և ավարտեց զրույցը։
Կանխատեսելի էր, որ Դավիթ Գյուրջինյանը չի ցանկանա հակադրվել իշխանություններին, սակայն ուշագրավ է, որ ուսանողների հետ զրույցներում դեմ է արտահայտվում կառավարության այս որոշմանը։
Մինչ ռեկտորը մտածում է ինչպես պահել իր հեղինակությունը, բայց նաեւ հարվածի տակ չդնել իր պաշտոնը, ուսանողները պատրաստվում են պայքարի, քննարկում են բոյկոտի տարբեր սցենարներ։