1503 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-27 17:58
Քաղաքական խաղադաշտ

Արցախը հանձնել եք, պատերազմը պարտվել եք, զոհերը տվել եք. Ծառուկյանը՝ իշխանությանը

Արցախը հանձնել եք, պատերազմը պարտվել եք, զոհերը տվել եք. Ծառուկյանը՝ իշխանությանը

Այսօր դուք պետք է ընտրեք կամ եկեղեցի կառուցողին, կամ եկեղեցի քանդողին, երկրի կառուցողին կամ երկիրն ավիրողին։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա շեշտեց, որ հայ ժողովուրդն այս ութ տարվա մեջ կորցրել է իր արժանապատվությունը, հեղինակությունն ու հզորությունը՝ դառնալով պարտված ու խղճացած, սակայն ինքը վստահ է, որ մենք հզոր պատմություն ունեցող ժողովուրդ ենք և աշխարհին ասելու բան ունենք։

Ելույթի ընթացքում ԲՀԿ առաջնորդը հիշեցրեց նաև Բաքվում կայացած մրցաշարում իր մարզիկների հաղթանակը՝ որպես հայի ուժի ապացույց։

«Մեր Միրան Հարությունյանն էլ Ալիև ազգանունով (մրցակցի) հետ էր հանդիպում։ Սկզբում, որ 3-0 կրվում էր, 70 000 հոգի ղժում էին, բայց փա՛ռք ու պատիվ իրեն, որ կարողացավ հաշիվը դարձնել 5-3, սաղ մեռան, ու Բաքվի կենտրոնում հաղթեց։ Իմ մարզիկները կարողացան Հայաստանի դրոշը Բաքվում բարձրացնել»,- ասաց նա։

Քննադատելով իշխանություններին՝ Ծառուկյանը նշեց, որ նրանք ում պատահի իրենց թիմից պաշտոնների են նշանակում, մինչդեռ երկիրը պետք է ղեկավարեն փորձառու, արդյունք ցույց տված և բանակցել գիտեցող մարդիկ, քանի որ պատասխանատու մարդը երկրի ու ժողովրդի համար սխալվելու իրավունք չունի։ Գործող ուժի ութ տարվա աշխատանքը նա ձախողված համարեց։

«Գիշեր-ցերեկ փողոցում սպասում էին, որ արդարություն կլինի, բայց մենակ ասում են՝ ասֆալտ ենք արել, դպրոց ենք սարքել։ Ասֆալտն էլ անձրևը գալիս քանդվում է»,- ասաց նա։

Իր խոսքի վերջում Գագիկ Ծառուկյանը կոչ արեց քաղաքացիներին չվախենալ գործից հանելու կամ ձերբակալելու սպառնալիքներից։

«Մի՛ հայտարարեք, թե ում եք ընտրում, ինչ հարցնում են՝ ասեք՝ քեզ եմ ընտրում, բայց հունիսի 7-ին գնացեք ու ձեր ընտրությունը կատարեք քվեախցիկում։ Դրանից հետո պրծա՛վ, պոեզը գնացել է, իրենց սիրուն ճամփու կդնենք։ Գնացեք ընտրության և դո՛ւք որոշեք ձեր երեխաների վաղվա ապագան՝ քվեարկելով համար 7-ի օգտին»,- ասաց նա։