Ինձ համար Սամվել Շահրամանյանն ու Արթուր Օսիպյանը նույն կատեգորիայի մարդիկ են։ Արթուր Օսիպյանը կռվե՞լ է, որ մի հատ էլ եկել ու Ղարաբաղի հարց է առաջ տանում։ Որտե՞ղ է կռվել, որտե՞ղ է եղել ինքը ընդհանրապես պատերազմի ժամանակ։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը պատասխանելով երեք հոդվածով մեղադրվող և կալանքի տակ գտնվող Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին։
«Նա և իր նման փսևդոէլիտայի ներկայացուցիչները պիտի ներողություն խնդրեն։ Ձեզ թվում է՝ մենք այդքան միամի՞տ ենք ու չգիտենք իր և Ղարաբաղի իշխանության կապերի մասին»,- ասաց նա։
Փաշինյանը շեշտեց, որ Օսիպյանն ու նրա համախոհները պետք է ներողություն խնդրեն նահատակների ընտանիքներից, քանի որ փորձում են շարունակել այդ պրոցեսը և Հայաստանը վերադարձնել կոնֆլիկտի մեջ։
«Այո՛, ինքը և իր նմանները, էլի եմ ասում, խոսքս վերաբերում է Ղարաբաղի փսևդոէլիտային։ Նրանք փախածներն են, որոնք պատանդ են պահել Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում, հիմա էլ Հայաստանում են պատանդ պահում։ Իրենք էլ չեն դիմում Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար և ուրիշներին էլ հորդորում են, որ չդիմեն»,- եզրափակեց Փաշինյանը։