1389 դիտում, 3 ամիս առաջ - 2026-05-29 15:37
Քաղաքական խաղադաշտ

Մենք ունեցել ենք կառուցող նախագահ և միասին պիտի վերակառուցենք մեր երկիրը. Քրիստինե Վարդանյան

Սպիտակ գալուց տեսանք այն հրապարակը, որը կառուցվել է երկրորդ նախագահի օրոք, ինչպես նաև մշակույթի տունը և աղետի գոտու բազմահազար բնակարանները։ Մենք ունեցել ենք կառուցող նախագահ, և միասին պիտի կառուցենք ու վերակառուցենք մեր երկիրը հունիսի 7-ից հետո։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Սպիտակում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը։

Անդրադառնալով ընտրություններին քաղաքացիների մասնակցության կարևորությանը՝ Վարդանյանը նշեց, որ իշխանությունը վախերով ու վարչական ռեսուրսով մոբիլիզացնում է իր ողջ զանգվածին, և եթե մյուս քաղաքացիների մասնակցությունը 50%-ից ցածր լինի, ապա այդ փոքրամասնությունը կրկին կորոշի բոլորի ճակատագիրը, ինչպես եղավ 2021 թվականին։ Նա վստահեցրեց, որ այս անգամ իրենց թիմը հսկայական աշխատանք է կատարել։

«Միակ թիմն է «Հայաստան» դաշինքը, որ բոլոր 2000 տեղամասերում ունի վստահված անձինք, ունի հանձնաժողովի անդամներ և ստեղծել է առցանց համակարգ՝ բոլոր ընտրախախտումների մասին անմիջապես տեղեկանալու ու վերահսկելու համար։ Այսինքն՝ դուք գնալու եք քվեարկեք, մենք տեր ենք կանգնելու ձեր ձայներին»,- ասաց Վարդանյանը։

Պատգամավորի թեկնածուն կոչ արեց չվախենալ այն լուրերից, թե ընտրությունները գաղտնի չեն և հնարավոր է ստուգել քվեարկության արդյունքները։

«Որևէ տարբերակ ձեր ընտրությունը ստուգելու ուղղակի գոյություն չունի։ Դա անում են ձեզ վախեցնելու համար։ Դուք քվեախցիկում մենակ եք և ձեր խղճով ու մտքով եք որոշում կայացնում»,- ասաց նա։
Ելույթի վերջում Քրիստինե Վարդանյանը հորդորեց հունիսի 7-ին քվեարկությամբ պատասխանել վերջին տարիների բոլոր ապօրինություններին, քրեական գործերին, աշխատանքից ազատումներին և իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող անթույլատրելի խոսույթին։

«Այն բառապաշարով, որ խոսում են իրենք մեր հասարակության հետ, այն, որ բռնում են մարդուն ու ասում՝ ինչո՞ւ դու չես նահատակվել, եկեք այս ամենի պատասխանը բոլորով տանք՝ հունիսի 7-ին։ Մեր ընտրությունը շատ պարզ է, մի կողմից Ադրբեջանն է, Թուրքիան ու այլ գերտերություններ՝ իրենց «սրտի թեկնածուով», որին ուղիղ աջակցում են, մյուս կողմում՝ Հայաստանի թեկնածուն է»,- ասաց Վարդանյանը։