3843 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-24 20:02
Օրենքի դաշտում

ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ «Քննիչները նախ ծեծել են ոստիկանի 54-ամյա ազգականին, բոքսով խփեցին Աշոտի վզին»․ ինչ են պատմում ականատեսները

«Քննիչները բոքսով խփեցին Աշոտի գլխին, 54 տարեկան մարդուն 27 տարեկան քննիչները ծեծի ենթարկեցին ու էսօր եկել են գործի, բայց մեր հարեւանին 2 ամսով կալանավորեցին։ Սրա ճիշտը ո՞րն է»,-«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում զայրացած խոսում են Աշոտ Զաքարյանի հարեւանները։

Աշոտ Զաքարյանը քննչականում ծեծի ենթարկված ոստիկան Սարգիս Բագրատունյանի ազգականն է։ Այս դեպքը նախորդել է Երևանի քննչական վարչությունում Սարգիս Բագրատունյանի ծեծի ենթարկվելու դեպքին եւ, ըստ էության, դրա սկիզբն է դարձել։

Սրանք երկու դեպքեր են, սակայն մեկը մյուսի շարունակությունն է։ Ըստ ականատեսների՝ Մալաթիայի քննչականի հարեւանությամբ երկու քննիչներ ծեծի են ենթարկում ավտոպահեստամասերի խանութի սեփականատեր, 54-ամյա Աշոտ Զաքարյանին՝ մեքենան կանգնացնելու պատճառով առաջացած վեճի ժամանակ։
Ականատեսները պատմում են, որ Եղվարդի բաժնի օպերլիազոր Սարգիս Բագրատունյանն իմանալով կատարվածի մասին փորձում է հաշտեցնել կողմերին։

«Քննիչները ասում էին՝ ինչ արել ենք, լավ ենք արել, լավ են արել, որ ծեծել ենք, պետք լինի՝ էլի կանենք։ Դեպքը հարթելու փոխարեն քննիչները մի քանի ավտոներով եկել էին, որ էլի ծեծեն Աշոտին։ Տեսանյութ կա, դրա մեջ երեւում է, որ մի 15 հոգով այստեղ են եկել այդ քննիչները, որից հետո իրավիճակն ավելի է լարվել, բանը հասել է բռունցքներին։ Սարգիս Բագրատունյանն այդ ժամանակ բաժանողի դերում էր, ինչի համար են էդ տղուն կալանավորել, Աշոտին ինչու են կալանավորել»,-ասաց ականատեսներից մեկը։

Ըստ քննչական կոմիտեի՝ քննիչներն են ծեծի ենթարկվել ոստիկանի եւ նրա ազգականի կողմից, չնայած տասնյակ քաղաքացիներ պնդում են հակառակը։ Քննչական կոմիտեն նաեւ սուտ հերքում էր տարածել՝ պնդելով, թե ոստիկան Սարգիս Բագրատունյանին քննչականում ծեծի չեն ենթարկել, մինչդեռ «Իշխանություն» լրատվականը փաստեր էր հրապարակել, թե ինչպես են ծեծել եւ պատռել ոստիկանի համազգեստը։

Հակակոռուպցիոն կոմիտեում ոստիկանին խոշտանգելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը չի հերքել տեղեկությունը, եւ հայտարարել է, որ մինչեւ վերջ պաշտպանելու են ոստիկանին։

Փաստացի տասնյակ ականատեսներ պատմում են, որ քննիչներն են նախ ծեծել ոստիկանի 54-ամյա ազգականին, որից հետո էլ երկու ուժային կառույցների աշխատակիցների միջեւ առաջացել է այս բախումը։ Ինչո՞ւ է միջադեպի երկու կողմերի նկատմամբ իրավական գնահատականը տարբեր, քննիչները ազատ շրջում են, գնում են աշխատանքի, իսկ ոստիկանն ու նրա ազգականը կալանավորված են։

Լիա Սարգսյան

Մանրամասները՝ տեսանյութում։