«Իշխանություն» լրատվականի հաղորդմամբ՝ օգոստոսի 30-ին տեղի ունեցավ Ռուբեն Մելիքյանի «Հայոց Դատաստանագիրք ըստ Մխիթար Գոշի. փիլիսոփայություն, մեկնություն, ժամանակագրություն» աշխատության երկրորդ հատորի շնորհանդեսը։
Ներկայացնելով աշխատությունը՝ Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, որ իր հիմնական նպատակը Մխիթար Գոշի գաղափարների արդիականացումն է եղել։
«Իմ խնդիրը եղել է Գոշի արդիականացումը։ Ինձ համար այս գիրքը առաջին հերթին հիշողության մասին է։ Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ հիշողությանը սկսել են մեծ դեր չտալ։ Այս իմաստով գիրքը յուրահատուկ «հեռադիտակ» է»,- ասաց Մելիքյանը։
Հեղինակի խոսքով՝ աշխատության մյուս կարևոր առանցքն ազգային արժանապատվությունն է։ Այս համատեքստում նա գիրքը համեմատեց «զրահաբաճկոնի» հետ։
«Երկրորդ հերթին սա ազգային արժանապատվության մասին է։ Այս իմաստով գիրքը կարող եք համարել «զրահաբաճկոն»։ Գրքի բանաձևերը սպառազինում են այն մարդկանց, ովքեր ուզում են իրավունք պաշտպանել»,- նշեց Մելիքյանը։
Աշխատությունը նվիրված է Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» ուսումնասիրությանն ու մեկնաբանությանը, ինչպես նաև Գոշի իրավական գաղափարների և մտածողության արժևորմանը։


