990 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-29 10:53
Հայաստանով մեկ

Փողը չենք տալու, եթե Կիևյանի կամրջի աշխատանքների վերջում ասֆալտը խնդիր ունեցավ․ Տիգրան Ավինյան

Փողը չենք տալու, եթե Կիևյանի կամրջի աշխատանքների վերջում ասֆալտը խնդիր ունեցավ․ Տիգրան Ավինյան

Ավետ Ավետիսյան փողոցում արված աշխատանքներն իրապես ֆունդամենտալ էին, տասնամյակներով այդ ծավալի խորքային աշխատանք՝ բոլոր ենթակառուցվածքների փոփոխությունով, տեղի չէր ունեցել։ Բայց այդ ծավալի աշխատանքից հետո մենք արձանագրում ենք, որ ասֆալտի հարթությունը, ասֆալտի որակը տեղ-տեղ՝ այն հատվածներում, որտեղ կան դիտահորեր, խնդիրներ ունեն։ Մեր կապալառուները պետք է հասկանան, որ նման աշխատանքից հետո ասֆալտապատումը պետք է լինի իդեալական։

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող փողոցների հիմնանորոգման որակին։

Ավինյանը նշեց, որ Կիևյան կամրջի վրա ևս ահռելի ծավալի գործ է արվում, սակայն վերջնական արդյունքը լինելու է վճռորոշ։

 

«Մասնագետները լավն են, բայց հանկարծ եթե ասֆալտի մասով վերջում հարց ունեցանք՝ էլի գումար չենք տալու։ Սա վերջին, բայց ամենակարևոր դետալն է»,- ասաց նա։

Անդրադառնալով Երևանի երթևեկության նոր կենտրոնի վերլուծություններին՝ Տիգրան Ավինյանը ներկայացրեց տվյալներ, որոնք փաստում են մայրաքաղաքի գերծանրաբեռնվածության մասին։

«Մեր հավաքած տվյալներով՝ 2025 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսներին վերլուծվել է մոտ 75 միլիոն ուղևորություն։ Երևանում այդ ժամանակ միջինացված արագությունը 25 կմ/ժ էր, և ընդհանուր առմամբ այս միտումը դեպի ներքև է գնում՝ դառնալով 23-25 կմ/ժ։ Իսկ պիկ ժամերին միջինացված արագությունը քաղաքում կարող է արձանագրվել մինչև նույնիսկ 10 կմ/ժ։ Ֆիքսենք, որ մարդու սովորական քայլքի արագությունը 5 կմ/ժ է»,- ասաց նա։

Ըստ վերլուծության՝ մեծ խնդիր են առաջացնում կարճ ուղևորությունները։ Մինչև 2 կմ ուղևորությունները կազմում են ընդհանուրի մոտ 15%-ը, իսկ Փոքր կենտրոնում այդ ցուցանիշը հասնում է 35%-ի, այսինքն՝ ուղևորությունները կենտրոնից սկսվում և կենտրոնում էլ ավարտվում են։

Ավինյանն անդրադարձավ նաև վարորդների դժգոհություններին, թե ավտոբուսային գծերի առանձնացմամբ մեքենաների համար երթևեկությունը բարդանում է։

«Դա շատ բնական հարց է, բայց ունի շատ բնական պատասխան. մեր փողոցները լայնանալու հնարավորություն չունեն։ Այո, մենք ունենք մեծ շինարարություններ՝ Արշակունյացը միացնում ենք Իսակով պողոտային, ունենք խոշոր նոր կամուրջների կառուցման ծրագրեր Հրազդանի կիրճի վրայով, բայց Երևանի, նամանավանդ Փոքր կենտրոնի փողոցները ավել լայնանալու տեղ չունեն։ Միակ բանը, որ պետք է անենք, հանրային տրանսպորտին առանձնացված գծեր տալն է, որպեսզի ուղևորությունը դառնա արագ ու հարմար»,- նշեց Ավինյանը։

Որպես երկրորդ լուծում՝ Ավինյանն առաջարկեց քաղաքի մուտքերի մոտ մեծ ավտոկայանատեղիների ստեղծումը, որտեղ մարդիկ կթողնեն անձնական մեքենաները և կտեղաշարժվեն տրանսպորտով։ Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Գրիգորյանն էլ խոստացավ, որ մոտակա օրերին կներկայացնեն նոր նախագիծ, և եթե հասցնեն, օգոստոսին ևս մեկ առանձնացված գիծ կավելանա։