1245 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-27 13:23
Քաղաքական խաղադաշտ

Եթե դու դիվանագիտությունը խառնում ես «կրուտիտների» հետ, վերջում հայտնվում ես փոսում, ազգն է տուժում․ Քոչարյան

 Քոչարյան Կառավարությունը, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, հրապարակեց բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը՝ բացի Քի Վեսթի փաստաթղթից։ Հարց չի՞ առաջանում, թե ինչո՞ւ չի հրապարակել հենց այդ մեկը։ Ասում են՝ չկա․ սուտ են ասում, չի կարող այդ փաստաթուղթը չլինել։ «Իշխանություն» լրատվականի լրագրողի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահը նշեց՝ եթե նույնիսկ Հայաստանի արխիվներում այն չլիներ, ապա համանախագահող երկրներն ունեն այդ փաստաթուղթը։

«Եթե ուզում ես ստանալ ու չես կարողանում, զանգում ես քո սիրելի Մակրոնին, ինքը քեզ այդ փաստաթուղթը մեյլով ուղարկում է, ու 15 րոպեից ունենում ես ու հրապարակում։ Իսկ գիտե՞ք ինչու չի հրապարակում, որովհետև այդ փաստաթղթում սևը սպիտակի վրա գրված է, որ Արցախը միացվում է Հայաստանին»,- ասաց Քոչարյանը։

Նրա պնդմամբ՝ Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ և Մինսկի խմբի անունից ստացված այդ փաստաթղթի հրապարակումն ամբողջությամբ կձախողեր գործող իշխանության այն թեզը, թե Արցախի հարցը կանխորոշված էր դեռ 1992 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով։