2538 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-14 20:04
Քաղաքական խաղադաշտ

Տիգրան Ավինյան, ո՞ւր է Աջափնյակի մետրոն․ Աննա Գրիգորյան

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Աջափնյակ վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ գործող իշխանությունը ձախողել է բոլոր խոստումները՝ վատնելով քաղաքացիների վճարած հարկերը։

«Աջափնյակ համայնքի բնակիչները երկար տարիներ սպասում են մետրոյի կայարանին։ Տիգրան Ավինյան, վերջը ու՞ր է մեր մետրոյի կայարանը։ Կայարանը չկա, բայց 1,8 միլիարդ դրամ արդեն ծախսվել է միայն նախագծի և ծավալաթերթի վրա։ Սա քրեական գործ է. միլիարդները վատնված են, իսկ կայարանը՝ չկա։ Ութ տարում մի կայարան չկարողացան կառուցել, բայց մեծ-մեծ խոսում են «Խաղաղության խաչմերուկի» մասին»,- ասաց նա։

Պատգամավորն անդրադարձավ նաև երկրի առջև ծառացած ողբերգական իրողություններին՝ ընդգծելով, որ ցանկացած իշխանություն գնահատվում է իր արդյունքներով։

«Մինչև այս մարդկանց իշխանության գալը Արցախը կար, հիմա՝ չկա։ Մինչև ՔՊ-ի գալը ոչ ոք Հայոց ցեղասպանության հարցը կասկածի տակ չէր դնում, իսկ հիմա փորձում են հասկանալ, թե ովքեր են ցեղասպանվել, ինչը փաստացի մեր պատմության ուրացում է։ Նույնիսկ Արարատն են հակադրության մեջ դնում Արագածի հետ։ 30 տարում պետական պարտքը 8 միլիարդ էր, հիմա արդեն հասնում է 15 միլիարդի, և այդ գումարները մենք ու մեր երեխաներն ենք փակելու»,- շեշտեց Աննա Գրիգորյանը։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության մասին՝ Գրիգորյանը նշեց, որ հայրենիքի հանձնումը չի կարող անպատասխան մնալ։