«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ քարոզարշավի շրջանակում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը ելույթ ունեցավ «Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինե Վարդանյանը։ Նա ներկայացրեց դաշինքի նախընտրական պլատֆորմի՝ Երևանին վերաբերող առանձնահատուկ դրույթները՝ շեշտելով, որ մայրաքաղաքն արժանի է զարգացման այլ տեմպերի և որակի։
Վարդանյանը խիստ քննադատության ենթարկեց գործող իշխանությունների վարած հարկային քաղաքականությունը՝ բերելով գույքահարկի կտրուկ թանկացման օրինակներ։
«Բարեկամության շրջանում տուն կա, որի գույքահարկը 26 000-ից դարձել է 590 000 դրամ. 26 անգամ թանկացել է։ Պատկերացնում եք՝ երևանցին արդեն իր սեփական տանը վարձով է ապրում։ Եթե սա ժողովրդին թալանել ու տուգանքի մատերիալ սարքել չի, բա ի՞նչ է»,- հայտարարեց նա։
Պատգամավորը խոստացավ, որ դաշինքի հաղթանակի դեպքում գույքահարկի այս թանկացումները չեղարկվելու են՝ վերադառնալով նախկին սակագներին։
Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ ավելացված 8 միլիարդ դոլար պարտքի դիմաց քաղաքացիները չեն ստացել խոստացված ենթակառուցվածքները, օրինակ՝ Աջափնյակի մետրոն։