Ադրբեջանը կարիք չունի ոչ բանակ ուժեղացնելու, ոչ պետական ինստիտուտներ պահելու, որ ռազմավարություն մշակի և իրականացնի։ Իրեն պետք է, որ իր ամենամարտունակ զենքը՝ Նիկոլ Փաշինյանը, լինի Հայաստանի ղեկավար, ու իրենք ամեն ինչ անում են դրա համար։ Իսկ մեր հակազդեցությունը պետք է լինի Ադրբեջանի այդ ամենամարտունակ զենքը չեզոքացնելը հունիսի 7-ի ընտրություններում։
«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Հրազդանում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ գործող իշխանությունները ցանկացած կորուստ ու զիջում ներկայացնում են որպես սեփական կամքի արտահայտություն։
«Վաղը գալու են ասեն՝ Սահմանադրությունն ո՞վ է ասել, որ Ադրբեջանն է ուզում փոխել, դա մե՛նք ենք ուզում փոխել։ Ասելու են՝ Տիգրանաշե՞նն է Ադրբեջանը պահանջում, չէ՛, մենք ենք ուզում, որ հանձնենք, ու այդպես՝ ամեն ինչ»,- ասաց նա։
Անդրադառնալով իշխանությունների առաջ քաշած «խաղաղության դարաշրջանի» թեզին՝ Աննա Գրիգորյանն ուշագրավ զուգահեռներ անցկացրեց։
«Այսօր շատ սիմվոլիկ բան տեղի ունեցավ։ Տեսե՞լ եք չէ՞, որ աղավնուն ուզում է թռցնել, և այն չի թռնում։ Դա նույնքան տիպիկ է այն խաղաղությանը, որ ինքը բերել է։ Որտե՞ղ է խաղաղությունը․ օկուպացված տարածքներո՞վ է խաղաղությունը, գերիներո՞վ է խաղաղությունը, փակ սահմաններո՞վ ու նոր պահանջներո՞վ է խաղաղությունը։ Այդ չթռչող աղավնու նման խաղաղությունն այսօր մեզ պարտադրում են, որ ընդունենք, իսկ մեր ասածը իրական խաղաղության, այլ ոչ թե անդադար զիջումների մասին է»,- ասաց նա։
Պատգամավորի թեկնածուն կոչ արեց քաղաքացիներին ընտրությանը մոտենալ ամենայն պատասխանատվությամբ՝ հիշեցնելով, որ ինչպես երեխաների համար ուսուցիչ կամ բժիշկ ընտրելիս ենք հազար ու մի հարցում անում, այնպես էլ հիմա պետք է ընտրել նրան, ով ունակ է խաղաղություն բերել։
«Մենք պետք է ընտրենք մարդու, ով կարող է խաղաղություն բերել, ինչպես նախագահ Քոչարյանն իր 10 տարիների ընթացքում, և ոչ թե մարդուն, ով մենակ զոհեր է բերել»,- ասաց նա։
Աննա Գրիգորյանն իր ելույթում ներկայացրեց նաև արտերկրից ընտրություններին մասնակցելու համար ժամանող հայրենակիցների հասցեին հնչող նոր սպառնալիքները։
«Հիմա նոր սպառնալիքի ձև են գտել, ասում են՝ եթե գաք, ձեզ տանելու ենք վարժական հավաքների։ Այսինքն՝ մեր սահմանների պաշտպանությունն այս մարդկանց ընկալմամբ պատիժ է, ու որպեսզի չթողնեն, որ մեր հայրենակիցները դրսից գան ու ընտրության մասնակցեն, այդ պատիժն են առաջարկում։ Անընդունելի է այդ տիպի խայտառակ մանիպուլյացիան և սպառնալիքները»,- ասաց նա։