1842 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-12 20:06
Քաղաքական խաղադաշտ

8 տարի քերել են մարդկանց, բայց մետրոյի ոչ մի կայարան չեն կառուցել. Աննա Գրիգորյան

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։ Նա ներկայացրեց դաշինքի նախընտրական ծրագրի հինգ առանցքային կետերը՝ շեշտելով, որ իրենց ուժի օգտին քվեարկելով՝ քաղաքացիները փոխելու են առկա իրականությունը։

«Սիրելի՛ երիտասարդ, դու սովորելու ես անվճար։ Հազարավոր ընտանիքներ այսօր ֆինանսական ծանր բեռի տակ են, և մեր ապագա կառավարությունն իր վրա է վերցնելու այդ պարտավորվածությունը։ Դու, սիրելի՛ ուսանող, զբաղվելու ես բացառապես կրթություն ստանալով»,- հայտարարեց նա։

Կրթական բարեփոխումների համատեքստում Գրիգորյանն անդրադարձավ նաև ուսուցիչների խնդիրներին՝ խոստանալով վերանայել ստորացուցիչ ատեստավորման համակարգը և 15 տարվա ստաժ ունեցող մանկավարժների համար սահմանել ավտոմատ ատեստավորում ու բարձր աշխատավարձ։

Դաշինքի ներկայացուցիչը վերահաստատեց նաև գույքահարկի թանկացումները չեղարկելու և վարկային սև ցուցակները վերանայելու հանձնառությունը։

«2026 թվականի գույքահարկերի բարձրացումը չեղարկվելու է, իսկ 2025-ի վճարը՝ 50%-ով նվազելու։ Ամեն ինչ թանկացրել են, 8 միլիարդ պետական պարտք ավելացրել, բայց ի՞նչ է ստեղծվել ձեզ համար։ Մենք նաև վերանայելու ենք սև ցուցակները, որտեղ հայտնվել են բանկային պարտավորություններ ունեցող բազմաթիվ հայրենակիցներ»,- ասաց պատգամավորը։