1716 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-20 11:38
Քաղաքական խաղադաշտ

Եթե ՔՊ-ն Լիլիթ Գալստյանին չընտրի, նշանակում է՝ չեն ուզում ընդդիմադիր թեկնածու լինի, անձի խնդիր չկա․ Աննա Գրիգորյան

Եթե ՔՊ-ն Լիլիթ Գալստյանին չընտրի, նշանակում է՝ չեն ուզում ընդդիմադիր թեկնածու լինի, անձի խնդիր չկա․ Աննա Գրիգորյան

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ լրագրողները «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին հարցեր են ուղղել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիլիթ Գալստյանի թեկնածության վերաբերյալ։

Աննա Գրիգորյանը նշել է, որ խմբակցությունն այս պահին մի քանի սցենար է քննարկում, և վերջնական որոշումը կկայացնի ընտրության արդյունքների ամփոփումից հետո։

«Իր թեկնածու առաջադրելու իրավունքը և՛ իրացնելը, և՛ չիրացնելը սցենարների մեջ կան։ Կհասկանանք ընտրության արդյունքների ամփոփումից հետո»,– ասել է նա։

Նա ընդգծել է, որ այս պահին այլ թեկնածու չեն առաջադրել և շարունակում են առաջադրել Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։

Անդրադառնալով իշխանության թեկնածուի օգտին քվեարկելու հնարավորությանը՝ Գրիգորյանը նշել է, որ «Հայաստան» խմբակցությունը նախկինում հայտարարել է՝ չի մասնակցելու իշխանության թեկնածուի քվեարկությանը։

Խոսելով Լիլիթ Գալստյանին չընտրելու դեպքում թեկնածությունը փոխելու հնարավորության մասին՝ նա նշել է․

«Եթե չընտրեն Լիլիթ Գալստյանին, դա նշանակում է, որ իրենք չեն ուզում, որպեսզի տվյալ հանձնաժողովի ղեկավարը լինի ընդդիմադիր ներկայացուցիչ։ Խնդիրը անձի մեջ չի, նշանակում է՝ քաղաքական դիրքավորում ունի իշխող մեծամասնությունը, այդ պատճառով է, որ մենք մտածում ենք՝ թեկնածուի փոփոխության հարց ուղղակի չի կարող այստեղ քննարկվել»։