1332 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-26 19:36
Քաղաքական խաղադաշտ

Եթե աշխարհում «հանձնելու» մրցույթ լիներ, այս իշխանությունը առաջին տեղը կգրավեր. Աննա Գրիգորյան

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Կապանում կայացած հանրահավաքի ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանն անդրադարձավ վերջին հինգ տարիների քաղաքական զարգացումներին՝ պնդելով, որ գործող իշխանությունները չեն կարողացել ապահովել երկրի անվտանգությունն ու խաղաղությունը։

Նրա խոսքով՝ 2021 թվականից հետո իշխանությունները զիջել են մի շարք ռազմավարական նշանակության տարածքներ և ճանապարհներ, այդ թվում՝ Արցախն ու Գորիս-Կապան ճանապարհը։

Պատգամավորը քննադատեց նաև տարածքային հնարավոր նոր զիջումների վերաբերյալ իշխանությունների քաղաքականությունը՝ նշելով, որ հասարակությունը պետք է թույլ չտա նման գործընթացների իրականացումը։ Նա հայտարարեց, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն այն պաշտոնյաները, որոնք, իր գնահատմամբ, հանգեցրել են տարածքային և մարդկային ծանր կորուստների։

Ելույթի ընթացքում Գրիգորյանը շեշտեց, որ կապանցիները մեծացել են ազգային հերոսների օրինակներով և չեն կարող ընդունել զիջողական քաղաքականությունը։ Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանը պետք է ձգտի բարիդրացիական հարաբերությունների, սակայն դրանք չպետք է կառուցվեն ազգային արժանապատվության հաշվին։

Անդրադառնալով սահմանամերձ բնակավայրերում դպրոցների հնարավոր փակման հարցին՝ պատգամավորը հայտարարեց, որ իր քաղաքական ուժը դեմ է նման ծրագրերին։

Նրա խոսքով՝ սահմանամերձ գյուղը չի կարող գոյություն ունենալ առանց դպրոցի, իսկ կրթական հաստատությունների պահպանումը կարևոր նշանակություն ունի այդ համայնքների կենսունակության համար։