«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ «Հայաստան» դաշինքի Թալինում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ ելույթ ունեցավ դաշինքի անդամ Ագնեսա Խամոյանը։
«Վերջին ութ տարվա ընթացքում մեզ բախտ է վիճակվել ունենալ մի երկրի ղեկավար, ով մահվան ուրվական է դարձել Հայաստանի համար։ Հիմա էլ այդ գերանդին վերցրած՝ մահվան պես շրջում է Երևանի փողոցներում, Հայաստանի Հանրապետության մարզերում ու հարցնում է մարդկանց՝ «դու չես մեռե՞լ, դու ինչո՞ւ ես կենդանի մնացել»։ Սա ասում է մի մարդ, ով պատերազմի ժամանակ անկազմակերպ ձևով մարդկանց ուղարկում էր ռազմադաշտ՝ ասելով՝ ձեր կասկաներն ու զրահաբաչկոնները վերցրեք ու գնացեք կռվեք»,- հայտարարեց Խամոյանը։
Նրա պնդմամբ՝ գործող ղեկավարը դեռ պատերազմի ընթացքում համոզմունք ուներ, որ դա ադրբեջանական հող է, և պատերազմն էլ ժամանակին չի կանգնեցրել միայն մեկ պատճառով՝ որպեսզի իրեն դավաճան չանվանեն։
«Եթե մի մարդ կա, որ պետք է զոհվեր պատերազմից հետո, իսկ ավելի կոնկրետ՝ ինքնասպան լիներ այդպիսի խայտառակ պարտությունից հետո, դա դո՛ւ ես, Նիկոլ Փաշինյան»,- ավելացրեց նա։
Ագնեսա Խամոյանն իր ելույթում անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի թիկունքում քարոզարշավին մասնակցող Առողջապահության նախարարին, ով, ըստ նրա՝ դեռահասի ոգևորությամբ ծափահարում ու ողջունում է Փաշինյանի ցնցումային հայտարարությունները։