1248 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-04 18:56
Քաղաքական խաղադաշտ

Սևանը Գյոյչա չի դառնալու, Երևանը Էրիվան չի դառնալու, Զանգեզուրի միջանցք չի լինելու. Ագնեսա Խամոյան

Մենք այսօր ունենք մի պատկեր, որ հազարավոր մայրեր Եռաբլուրում գրկում են իրենց որդիների սառը շիրիմները, իսկ իրենք նույն ջերմությամբ գրկում են Էրդողանի գիրքը։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին Սևանում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը։

«Ի՞նչ էին ասում սրանք. սրանք Շուշիում պարում էին, ասում էին՝ Աղդամը մեր հայրենիքն է, հիշո՞ւմ եք։ Բայց հիմա ի՞նչ են ասում. ասում են՝ ժողովուրդ ջան, սխալվել ենք, սխալվել ենք։ Մարդիկ, ովքեր քաղաքական ուժերի, ղեկավարների, քաղաքական գործիչների լեզվական սայթաքումները համարում են ճակատագրական սխալ, հայտարարում են, որ հայրենիքի հարցում սխալվել են։ Դուք ուզո՞ւմ եք իշխանություն, որը հայրենիքի հարցում սխալվել է ու էլի է սխալվելու, եթե ընտրվի»,- ասաց նա։

Խամոյանը հիշեցրեց, որ ժամանակին իշխանությունները նույն կերպ հայտարարում էին, թե Արցախը Հայաստան է, իսկ այժմ նույնն ասում են Սյունիքի ու Գեղարքունիքի մասին։

«Դուք ունե՞ք որևէ երաշխիք, որ վաղը, Աստված մի արասցե, եթե ընտրվեն, նորից չեն հայտարարելու, որ Գեղարքունիքի հարցում էլ են սխալվել, Սյունիքի հարցում էլ են սխալվել, տո՝ Երևանի հարցում էլ են սխալվել»,- ասաց նա։

Պատգամավորի թեկնածուն հանդես եկավ հստակ հայտարարություններով՝ ընդգծելով իրենց թիմի սկզբունքային դիրքորոշումը։

«Մենք ասում ենք՝ Սևանը Գյոյչա չի դառնալու։ Երևանը Էրիվան չի դառնալու։ Զանգեզուրի միջանցք չի լինելու։ Ադրբեջանցիներ Հայաստանում չեն բնակվելու, ու Ռամիլ Սաֆարովների երեխաները մեր երեխաների հետ դպրոց չեն գնալու»,- վստահեցրեց Խամոյանը։

Նա նաև քննադատեց գործող իշխանության հայտարարությունները՝ հիշեցնելով, որ նրանք նախկին ղեկավարներին մեղադրում էին այլոց կոշիկները լիզելու մեջ, մինչդեռ իրենք են գնացել, կզել ու Ալիևի կոշիկներն են լիզել։ 

Խամոյանի խոսքով՝ գործող իշխանությունը նախկինում ասում էր, որ Թուրքիան շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը և ակտիվ մասնակցություն է ունեցել 44-օրյա պատերազմին, իսկ այսօր նույն Թուրքիային ու Ադրբեջանին համարում են Հայաստանի անվտանգության երաշխավորը։

«Ես ձեզ հարց եմ տալիս՝ ձեզ սպանողը կարո՞ղ է ձեզ կյանք պարգևել։ Թուրքիան ու Ադրբեջանը կարո՞ղ են մեզ երաշխավոր լինել»,- հարցրեց նա։

Ագնեսա Խամոյանը նշեց, որ քաղաքական դաշտում կա 19 ուժ, բայց իրենց առաջարկը շատ հստակ է՝ ընտրել մի ղեկավարի, ով ոչ թե Էրդողանի գիրքը կրծքին կսեղմի, այլ արժանապատիվ կբանակցի նրա հետ ու երկրի համար իրական երաշխավորներ կբերի։

«Հունիսի 7-ին դուք ընտրելու եք մարդու, ով գնալու է Ալիևի հետ խոսի, բանակցի, առաջ տանի հայ ժողովրդի շահերը ու ոչ թե զբաղված լինի բացառապես իր աթոռի պաշտպանությամբ ու պահպանությամբ։ Ու այդ մարդը Ռոբերտ Քոչարյանն է»,- եզրափակեց նա։