Այս մարդն առհասարակ ինչ ասում է դրա ճիշտ հակառակն է լինելու։ Երբ 2019 թվականին ասում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», մենք արդյունքը տեսանք։ Հիմա էլ եկել, հայտարարում է, թե «Սյունիքը Հայաստան է և վերջ»․ սա ձեզ չի՞ անհանգստացնում, որ նա հերթական զիջումն է նախապատրաստում»։
«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորության թեկնածու Ագնեսա Խամոյանը։
Ագնեսա Խամոյանը հիշեցրեց գործող իշխանության տված խոստումներն ու դրանց իրական պատկերը՝ նշելով, որ ժամանակին խոստանում էին վերացնել կարմիր գծերն ու տեսախցիկները, բայց արդյունքում կարմիր գծերը թանկացան, իսկ տեսախցիկները՝ շատացան։
Նա հավելեց, որ «ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» հայտարարողները շեշտակի թանկացրել են բոլոր հարկերը, այդ թվում՝ գույքահարկը, ինչպես նաև կրկնապատկել են պետական պարտքը՝ առանց ժողովրդին հաշվետվություն տալու։
Խամոյանի խոսքով՝ կարմիր լույսի տակ կանգնելու և մետրոյով երթևեկելու մասին խոսող վարչապետն այսօր մարդկանց վրայով երթևեկելով է սլանում։
«Ի տարբերություն 2021 թվականի, երբ նա հայ ժողովրդից թաքցնում էր իր ծրագրերը և խոսում Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի մասին, հիմա արդեն պարզ տեքստով ասում է՝ ես վերընտրվելու եմ և նոր տարածքներ եմ տալու Ադրբեջանին, նոր կորուստներ եմ պատճառելու հայ ժողովրդին։ Մեկ Իլհամ Ալիևն է ընկել հայ ժողովրդի հետևից, մեկ էլ՝ Նիկոլ Փաշինյանը, որը քաղաքացիներից պատասխան է պահանջում չզոհվելու համար»,- նշեց նա։
Ելույթի վերջում Ագնեսա Խամոյանը կոչ արեց քաղաքացիներին հունիսի 7-ին գնալ ընտրատեղամասեր և քվեարկությամբ մերժել նոր կորուստներն ու արհավիրքները։