2877 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-08 21:24
Քաղաքական խաղադաշտ

Միասին հեռացնելու ենք Ալիևի խամաճիկ դարձած այս վախկոտներին. Աննա Գրիգորյան

Միասին հեռացնելու ենք Ալիևի խամաճիկ դարձած այս վախկոտներին. Աննա Գրիգորյան

Ուղիղ ութ տարի առաջ, մի խումբ մարդիկ եկան իշխանության՝ սիրո և համերաշխության լոզունգներով: Արդյունքը ցույց տվեց, որ սերն ու համերաշխությունը բաժին հասան Ալիևին և Էրդողանին, իսկ մեր ժողովրդին բաժին հասավ պառակտումը, միմյանց նկատմամբ ատելությունն ու թշնամանքը: «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ, այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ ութ տարի առաջ Շուշիում Փաշինյանը պար էր բռնում, իսկ հետո Շուշին անվանում դժգույն ու դժբախտ: Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի և մյուսների հետ նույն սեղանից հաց էր կիսում, իսկ այսօր, երբ Ալիևը նրանց ռազմական հանցագործ է անվանում, չի համարձակվում նույնիսկ ծպտուն հանել։

«Ուղիղ ութ տարի առաջ մեր ժողովուրդը հպարտանում էր արցախյան հաղթանակով, իսկ այսօր մեզ ասում են, որ մեր հպարտության առիթը պետք է լինի Կիրանցի ճաքած պատը: Ութ տարի առաջ Կաթողիկոսի հետ սելֆիներ էին անում ու ասում, որ սա պատմական նկար է, իսկ հիմա ամոթալի պատերազմ են հայտարարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Նույնիսկ ծրագրում կետ ունեն Կաթողիկոսի հեռացման համար, բայց մենք վստահաբար սա թույլ չենք տալու»,- ասաց Աննա Գրիգորյանը:

Վերջինս վստահեցրեց, որ իրենք՝ ինչպես անցնող տարիներին, այնպես էլ առաջիկա ամսում ևս ջանք ու եռանդ չեն խնայելու իրավիճակը փոխելու համար։