Մենք հիմա Արցախի պուրակում ենք, մի վայրում, որտեղից դեպի ռազմաճակատ են մեկնել մեր տղաները, որոնց թափած արյունն այսօր իշխանությունները համարում են ոչինչ։ Ես Արցախն անվանում եմ պուրակ, որովհետև Արցախը մեր հայրենիքն է, մեր ինքնության մասը։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Վանաձորում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը։
«Հունիսի 7-ը պետք է դառնա այն օրը, երբ հեռացվելու են այն իշխանությունները, որոնք Արցախը հայկական չեն համարում, իսկ տղաների սխրագործությունները որակում են ուղղակի ճակատագրական սխալ։ Մենք միասին պետք է չեզոքացնենք Ալիևի ամենամարտունակ զենքին՝ Նիկոլ Փաշինյանին։ Ալիևն այսօր կարիք էլ չունի իր բանակը զինելու կամ նոր տեխնիկա գնելու, քանի որ Հայաստանում ունի մի մարդ, ով իր բոլոր պահանջներն ու թեթև քմահաճույքներն իրականացնում է»,- ասաց նա։
Աննա Գրիգորյանը նշեց, որ նախընտրական շփումների ընթացքում տեսնում է հավատով ու վստահությամբ լեցուն քաղաքացիների, և կոչ արեց այդ վստահությամբ վարակել նաև տարակուսողներին, քանի որ հունիսի 7-ի ընտրությունները ճակատագրական են լինելու պետության ապագայի համար։
«Այս ընտրություններով է վճռվելու, թե ինչպիսի դասագրքերով են ուսանելու մեր երեխաները և այդ դասագրքերում ինչ է գրված լինելու։ Եթե մենք ուզում ենք որպես քրիստոնյա պաշտպանել մեր եկեղեցին, մեր Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը, ապա պետք է գնանք և հեռացնենք այս իշխանություններին։ Հակառակ պարագայում մենք ուղղակի դառնալու ենք Ադրբեջանի կցորդը, և մեզ ղեկավարելու է մի մարդ, ով Ալիևի մարզպետն ու խամաճիկն է։ Այս ութ տարիների ընթացքում մարդիկ հոգնել են մեկին ունեզրկելու, պատժելու կամ նստեցնելու անվերջ խոսույթից։ Միակ մարդը, ով պետք է պատասխանատվություն կրի իր արածների համար, Նիկոլ Փաշինյանն է, և նրա բանտախցի լավ դեկորացիաների մասին մենք արդեն մտածել ենք»,- ասաց նա։