Մի անգամ էլ դուք այս իշխանությանը ստեք, բայց գնացեք և տեր կանգնեք մեր պետությանը, գնացեք և ընտրեք Հայաստանը։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին Սևանում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը։
Իր ելույթի սկզբում Աննա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց սևանցիներին ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնեց, որ համատեղ ուժերով հունիսի 7-ին իրականացնելու են իրենց հիմնական ծրագիրը՝ իշխանափոխությունը։
Պատգամավորի թեկնածուն կոչ արեց ոգով ամրանալ առաջիկա օրերին, քանի որ անհնար է ապրել ատելության ու պառակտվածության մթնոլորտում, որտեղ մարդկանց նույնիսկ դանակահարում են քաղաքական հայացքների համար։
«Մենք պետք է վռնդենք մեզ պատերազմ բերածներին, պարտություն բերածներին, մեր երկրի ներսում թշնամանք արմատացրածներին, Հայաստանը սփյուռքից կտրածներին, մարդկանց, ովքեր խաղամոլությունն ու թմրամոլությունը դարձրել են այսօրվա Հայաստանի բրենդը»,- հայտարարեց նա։
Անդրադառնալով գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը՝ Աննա Գրիգորյանը դատապարտեց այն թեզը, թե Ադրբեջանը կարող է լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը։
«Ո՞նց կարող է մի երկիր, որ քո գերիներին նույնիսկ քեզ չի տալիս, խոշտանգում է քո հայրենակիցներին, համարվի քո անվտանգության երաշխիքը։ Հետևաբար, այս մարդիկ եթե շատ ոգևորված են նման անվտանգությամբ, իրենց կարող ենք ուղարկել Բաքու, թող գնան վայելեն այդ անվտանգությունը։ Մենք նոր երաշխավորներ կգտնենք»,- ասաց նա։
Գրիգորյանը նաև քննադատեց իշխանավորներին Հայաստանի քարտեզը հագուստներին փակցնելու համար՝ նշելով, որ հենց նրանց կառավարման օրոք են ադրբեջանցիները քայլ արել ու օկուպացրել Հայաստանի սուվերեն, մինչդեռ մեր ամբողջ պատմության ընթացքում երբեք Հայաստանի սուվերեն տարածքից ոչ մի սանտիմետր օկուպացված չի եղել։
Նա արձագանքեց նաև քաղաքացիների այն մտահոգություններին, թե այս իշխանության վերընտրվելու դեպքում պատրաստվում են լքել երկիրը։
«Չէ՛, սիրելի հայրենակիցներ, երկրից նեղանալ չկա, ընդհակառակը՝ պինդ ամեն մեկս իր դիրքում կանգնած պահելու ենք այս երկիրը, իսկ նրանց, ովքեր մեր երկրի թշնամիներն են երկրի ներսում, ուղղակի վռնդելու ենք»,- ասաց նա։
Ելույթի վերջում Աննա Գրիգորյանը հատուկ ուղերձ հղեց պետական համակարգի աշխատակիցներին և ուսուցիչներին, ում ստիպողաբար տանում են իշխանության հավաքներին։
«Սիրելի՛ ուսուցիչներ, պետական համակարգի սիրելի՛ աշխատակիցներ, ես գիտեմ, թե դուք ոնց եք ըմբոստանում, ինչ մեծ դժկամությամբ եք գնում, բայց քվեախցիկում դուք մենակ եք լինելու։ Ստելը, իհարկե, լավ բան չի, բայց ութ տարի այս մարդիկ ձեզ ստել են, մի անգամ էլ դուք իրենց ստեք, ասեք՝ այո, ձեր ուզածով կանենք, բայց գնացեք և տեր կանգնեք մեր պետությանը, գնացեք և ընտրեք Հայաստանը»,- եզրափակեց նա։