Խոսքի ազատության հնարավոր խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Սահմանադրական դատարանում ընթացող ընտրական վեճի քննության շրջանակներում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սրբուհի Գալյանը։
Իր ելույթում Գալյանն անդրադարձավ նախընտրական շրջանում հնչած հայտարարություններին, ատելության խոսքին և դեզինֆորմացիայի ազդեցությանը ընտրողների կամքի վրա՝ շեշտելով, որ անհրաժեշտ է հստակ տարբերակել դրանք և չափել դրանց իրական ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա։
Անդրադառնալով դիմումատուների այն պնդումներին, թե իշխող ուժի կողմից հնչեցված խոսքն այնպիսի մակարդակի է եղել, որ ահաբեկել է ժողովրդին և դրդել քվեարկել իրենց օգտին, Սրբուհի Գալյանը նշեց, որ նման պնդումների իրավական հետևանքն ակնհայտ չէ։
Մասնավորապես, քննարկվել է վարչապետի կողմից հնչեցված «ինչու չես զոհվել» արտահայտությունը, որը, ըստ ընդդիմադիր կողմի, մարդկանց մոտ վախ է առաջացրել։ Ի պատասխան՝ Գալյանն ընդգծեց, որ քարոզարշավի ընթացքում հնչած որոշ սուր արտահայտություններ կարող էին նույնիսկ հանգեցնել վարկանիշի նվազման, ինչը վերաբերում է բոլոր քաղաքական ուժերին, և այդ երևույթները երբեմն ներկայացվում են ճիշտ հակառակ դիտանկյունից։
«Այս երևույթների դեմ պայքարի համատեքստում մեր երկրում գործում են ինստիտուտներ։ Վարչապետի մասնակցությամբ առնվազն երկու դրվագի, ինչպես նաև հանրային գործչին ուղղված խոսքի հետ կապված՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության է առել վարքագծի կամ էթիկայի կանոնի խախտման հարցը։ Ինստիտուցիոնալ լուծումները, որոնք մեր երկրում տրվել են, այսօր աշխատում են և արձագանքում են այդ երևույթներին»,- ասաց նա։
Սրբուհի Գալյանը համեմատություն անցկացրեց ընդդիմության այն պնդման միջև, թե «եթե իշխող ուժին չընտրեք, պատերազմ է լինելու», և այն քարոզչական թեզի միջև, թե «եթե ընտրեք Փաշինյանին, ապա գալու են 300,000 ադրբեջանցիներ»։
«Այս մասով կային արհեստական բանականության կողմից ստեղծված բազմաթիվ հոլովակներ՝ ուղղակի մարդկային տրամաբանությունից ու բարոյականությունից դուրս, որոնք մատուցվում էին մեր քաղաքացիներին որպես հնարավոր իրողություն։ Սա՛ պետք է քննարկման առարկա դարձնենք։
Եվ մենք այսօր այստեղ ասում ենք, որ չնայած այդ հիբրիդային սպառնալիքներին, բազմաթիվ փորձերին՝ շեղել մեր քաղաքացիներին բանական ու բարոյական ճանապարհից, քաղաքացիները հաղթահարել են դա։ Քաղաքացիները հաղթահարել են սահմանադրական կարգին սպառնացող վտանգը և կատարել են իրենց ընտրությունը»,- ասաց նա։