660 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-30 12:48
Քաղաքական խաղադաշտ

Պաշտոնները ոչ թե բաժանվում են, այլ ընտրվում են, ինչը ժողովրդավարության հերթական դրսևորումն է․ Սրբուհի Գալյան

Պաշտոնները ոչ թե բաժանվում են, այլ ընտրվում են, ինչը ժողովրդավարության հերթական դրսևորումն է․ Սրբուհի Գալյան

Ընտրությունների արդյունքները վավեր են, քանի դեռ դրանք անվավեր չեն ճանաչվում։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Սահմանադրական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արդարադատության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սրբուհի Գալյանը։
Գալյանն ընդգծեց, որ որպես երրորդ կողմ իրենք ներկայացնում են իրենց իրավական դիրքորոշումը, իսկ վերջնական հետևություններն անելու է դատարանը։ Նա պնդեց, որ ընդդիմադիրների հայցերը ՍԴ-ում որևէ հեռանկար չունեն, սակայն հավելեց. «Մեզ համար այդ հայցերը հեռանկար չունեն, բայց՝ դատարանը կորոշի»։

Անդրադառնալով ՍԴ դիմած քաղաքական ուժերի փաստարկներին՝ Սրբուհի Գալյանը ասաց, որ դրանք բովանդակային առումով տարբերվում են։ Ըստ նրա՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացրած թեզերը գրեթե նույնն են, մինչդեռ «Հանուն Հանրապետության» և «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունների փաստարկներն այլ շեշտադրումներ ունեն։
«Օրինակ՝ «Հանուն Հանրապետության» և «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցությունների ներկայացուցիչներն ասում են, որ ընտրակաշառք է եղել, և ծավալները բավականին մեծ են եղել։ Մենք միանշանակ այս փաստարկների հետ համաձայն ենք, և միայն մի կետում իրենց հետ համաձայն չենք՝ որ դրանք հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել ընտրության արդյունքների անվավերության։ Մենք ասում ենք, որ անվավերության հանգեցնող հիմքեր առհասարակ որևէ մեկի կողմից ներկայացված փաստարկներում առկա չեն»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր ընդունել կաշառքով ուղեկցված ընտրության արդյունքը, Գալյանը պատասխանեց, որ նախևառաջ մեծ նշանակություն ունի չափը։ Երկրորդ՝ իշխող ուժի դիրքորոշումն այն է, որ ընտրակաշառքի յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա իրավապահների խիստ արձագանքին։

«Յուրաքանչյուր կոնկրետ գործով անցնող անձ, եթե նրա մեղքը հաստատվում է, պետք է արժանանա քրեական ամենախիստ պատասխանատվության»,- նշեց նա։
Այն հարցին, թե որքանո՞վ է իրավաչափ, որ ՍԴ-ում արդյունքների վիճարկմանը զուգահեռ «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն ձևավորում է Ազգային ժողով, ընտրում ԱԺ նախագահ ու փոխնախագահներ և նախապատրաստվում կառավարության կազմավորմանը, Գալյանն ասաց․ «Այն, ինչ տեղի է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ժողովրդավարության հերթական դրսևորումն է, երբ պաշտոնները ոչ թե բաժանվում են, այլ ընտրվում են։ Այսինքն՝ վարչության անդամների կողմից տեղի է ունենում ընտրության պրոցես, ինչը շատ նորմալ է։ Մամուլի հրապարակումներից տեսել եմ, որ այլ ուժեր ևս քննարկում են մանդատները վերցնել-չվերցնելու հարցը։ Սա հերթական ընտրություններից հետո տեղի ունեցող բնականոն քաղաքական գործընթաց է»։

Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հանրային հնչեղություն ստացած մեկ այլ թեմայի՝ հեռախոսների պարտադիր կոդերի գրանցման նախագծին, որը մասնագետների կողմից որակվել էր որպես լրագրողներին և հասարակությանը վերահսկողության տակ պահելու գործիք։ Սրբուհի Գալյանը հերքեց այս մտահոգությունները։
«Եկեք չշեղվենք այն նախաձեռնության նպատակից, որը եղել է։ Նպատակը բացարձակապես որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ, այլ ուղղակի ապօրինի կամ մաքսանենք ճանապարհով հեռախոսների մուտքը դեպի Հայաստանի Հանրապետություն արգելելն է»,- ասաց նա։
Գալյանը նաև հայտնեց, որ այժմ աշխատանքներ են տարվում անձնական տվյալների պաշտպանության նոր օրենսդրության մշակման շուրջ, որտեղ նախատեսվելու է պաշտպանության բարձր շեմ, ինչը կփարատի հանրության բոլոր մտահոգությունները։