339 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-08 14:34
Քաղաքական խաղադաշտ

«Ներկայացրել ենք ժողովրդավարության հետ կապված խնդիրները»․ Լևոն Քոչարյանը՝ ԱՄՆ հավատարմատարի հետ հանդիպման մասին

«Ներկայացրել ենք ժողովրդավարության հետ կապված խնդիրները»․ Լևոն Քոչարյանը՝ ԱՄՆ հավատարմատարի հետ հանդիպման մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ հավատարմատարի հետ և հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Լևոն Քոչարյանը ներկայացրել է քննարկված հիմնական թեմաները։

Քոչարյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ներքաղաքական խնդիրներին, դատական համակարգի,ընտրությունների արդյունքների և խախտումների հետ կապված խնդիրներին, ինչպես նաև TRIPP-ին։

Պատգամավորը նշել է, որ հանդիպման ընթացքում ներկայացրել է նաև իր գնահատմամբ՝ Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության հետ կապված խնդիրները։

«Մենք ներկայացրինք ժողովրդավարության հետ կապված խնդիրները, օրենքի գերակայության խախտումները, մեծ հաշվով՝ այն ամենը, ինչ մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանից և ընդհանրապես այդ համակարգից»,– նշել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ արևմտյան գործընկերները շարունակեն ուշադրության կենտրոնում պահել Հայաստանում տեղի ունեցող գործընթացները և փորձեն այդ ուղղությամբ քայլեր իրականացնել։

Քոչարյանը հայտնել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև դատական և իրավապահ համակարգերի խնդիրներին, ժողովրդավարական ինստիտուտների վիճակին, ինչպես նաև եկեղեցու հետ կապված հարցերին։

«Ներքաղաքական խնդիրները հիմնականում դատական համակարգի, իրավապահ համակարգի և ընդհանրապես ժողովրդավարության ինստիտուտների շարունակաբար քայքայումն է։ Նաև եկեղեցու հետ կապված խնդիրները»,– ասել է պատգամավորը։

Քոչարյանը նշել է, որ քննարկման ընթացքում ներկայացրել է նաև ընտրությունների հետ կապված խնդիրները և իր մատնանշած խախտումները։

«Նույն հետապնդումների կոնտեքստում և ընտրությունների խախտումների կոնտեքստում խոսել եմ նաև մեր խնդիրների մասին, ներկայացրել եմ նաև այն խնդիրները, որոնք արձանագրվել են զեկույցում, այն, ինչի մասին մենք շարունակաբար խոսել ենք՝ ինչ է տեղի ունեցել իշխանությունների կողմից»,– նշել է նա։

Միևնույն ժամանակ Քոչարյանը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել ամերիկյան կողմի արձագանքների վերաբերյալ՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք մտահոգիչ հարցեր։

«Շատ ընդհանուր, իհարկե, մտահոգիչ շատ բաներ կան, որոնց մասին խոսել ենք, ասել ենք ավելի մանրամասներ, թե իրենք ինչ են ասել, ինչպես են արձագանքել, թույլ տվեք ավելի չմանրամասնել»,– եզրափակել է պատգամավորը։