273 դիտում, 55 րոպե առաջ - 2026-10-08 13:33
Քաղաքական խաղադաշտ

Լևոն Քոչարյանը խոսել է ՌԴ-ի հետ հարաբերությունների հնարավոր սրման և գազի հնարավոր թանկացման մասին

Լևոն Քոչարյանը խոսել է ՌԴ-ի հետ հարաբերությունների հնարավոր սրման և գազի հնարավոր թանկացման մասին

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձել է Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարություններին՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հնարավոր փոփոխությունների, տնտեսական արտոնությունների վերանայման և գազի գնի հնարավոր թանկացման վերաբերյալ։

Լրագրողը Քոչարյանից հետաքրքրվել է՝ ինչպես է գնահատում ռուսական կողմի հայտարարությունները, այդ թվում՝ Դմիտրի Մեդվեդևի վերջին հայտարարությունը, և արդյոք դրանք կարող են դիտարկվել որպես Հայաստանի համար զգուշացում կամ սպառնալիք։

Քոչարյանի խոսքով՝ նման զգուշացումներ որոշակի ձևով վաղուց հնչում են, սակայն ներկայում իրավիճակը լուրջ հետևանքների կարող է հանգեցնել։

«Շատ լուրջ հակամարտություն կա Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Ռուսաստանն ասում է, որ պատերազմում է Եվրոպական միության հետ Ուկրաինայի տարածքում, այդպես է ինքը ընկալում այս ամենը, և այս ընթացքում Հայաստանը քայլեր է անում Ռուսաստանի պատկերացմամբ իր թշնամու հետ, որը Ռուսաստանի մոտ հարցեր է առաջացնում»,– ասել է նա։

Պատգամավորի խոսքով՝ այդ հարցերը ռուսական կողմը բարձրաձայնում է, և ստեղծված իրավիճակը խնդիր է, որը պետք է լուծում ստանա։

«Սա, իհարկե, խնդիր է, որը պետք է լուծում ստանա։ Չստանալը ունենում է հետևանքներ»,– նշել է Քոչարյանը։

Անդրադառնալով հնարավոր գազի թանկացման ռիսկին՝ նա նշել է, որ ընդդիմությունը կարող է բարձրաձայնել խնդիրների մասին և զգուշացնել դրանց հնարավոր հետևանքների վերաբերյալ, սակայն չունի այն գործիքները, որոնց միջոցով կարող է կանխել նման զարգացումները։

«Ընդդիմությունը որպես այդպիսին կարող է այս հարցերի մասին խոսել, բարձրաձայնել, զգուշացնել, ինչը մենք անում ենք, բայց գործող քայլեր մեր կողմից, որը կբերի ձեր ասած վտանգների նվազեցմանը, այսպես՝ գործիքներ ընդդիմությունը որպես այդպիսին չունի»,– ասել է պատգամավորը։

Քոչարյանի խոսքով՝ անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու համար, սակայն այս հարցում որոշիչ դեր ունի իշխանությունը։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա չլինի, բայց այստեղ բնականաբար իշխանության որոշիչ գործերն են, որ բերում են այս կամ այն քայլին»,– եզրափակել է նա։