6873 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-05 16:26
Քաղաքական խաղադաշտ

Պապ ջան, ես հպարտանում եմ քեզանով․Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանին


Անցնող քարոզարշավի և առհասարակ վերջին տարիների ընթացքում մեր կողքին եղած, մեզ քաջալերած ու ուժ տված բոլոր հայրենակիցներին շնորհակալություն հայտնելուց հետո, այսօր ես իմ խոսքն ուզում եմ ուղղել մեր այն հայրենակիցներին, ովքեր մեզ չեն սիրում, մեզ չեն ընդունում և չեն պատրաստվում քվեարկել մեզ համար, ինչպես նաև նրանց, ովքեր հիասթափված են և չեն մասնակցելու ընտրություններին։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Լևոն Քոչարյանը։

«Նախկինում մեր արդյունավետ աշխատանքին զուգահեռ նաև ունեցել ենք բացթողումներ, ունեցել ենք սխալներ, որոնց համար ես խորապես ցավում եմ, որովհետև կարծում եմ՝ նաև այդ սխալների ծնունդն է այսօրվա ապազգային իշխանությունը։ Կարծում եմ նաև, որ բավարար չափով չենք պայքարել ստի ու կեղծիքի դեմ՝ այդպիսով թողնելով, որ սուտը արմատ գցի քո գիտակցության մեջ և դառնա ճշմարտություն»,- անդրադառնալով անցյալին՝ ասաց Լևոն Քոչարյանը։

Նա կոչ արեց քաղաքացիներին թույլ չտալ, որ տարիներ առաջվա որևէ սխալ այսօր պատճառ դառնա Արցախը հանձնողին, եկեղեցու դեմ հարձակվողին ու հազարավոր զոհերի մեղավոր Նիկոլ Փաշինյանին ընտրելուն, և թույլ չտալ, որ մարդկանց արդարացի զայրույթն օգտագործեն երկիրը կործանելու համար։ Քոչարյանը խոստացավ անել ամեն ինչ, որպեսզի հետագայում այդ զայրույթի համար այլևս որևէ պատճառ չլինի։

«Նիկո՛լ, դու իսկապես ստելու, կեղծելու մեջ վարպետ ես, չեմպիոն ես, սա անկասկած։ Այսքան ողբերգություն բերելուց հետո, բացահայտորեն թշնամու թելադրանքով երկիրը կառավարելուց հետո շարունակել մնալ իշխանության՝ իսկապես հեշտ գործ չէ։ Բայց ես համոզված եմ, որ մեր ժողովրդի այն հատվածը, որ դեռևս հավատում է քեզ, անկասկած բացահայտելու է քո իրական էությունը, և Հայաստանի հանդեպ քո գործած բոլոր հանցագործությունների համար դու ի վերջո ենթարկվելու ես պատասխանատվության»,- շեշտեց նա։

Եզրափակելով իր խոսքը՝ Լևոն Քոչարյանն անդրադարձավ նաև տարիներ շարունակ իր հոր՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տարածվող լուրերին ու քննադատություններին։

«Այս ամբողջ ստերի մեջ, որ երկար տարիներ տարածվել է հորս հետ կապված, հորս մասին՝ ես հո լավ գիտեմ ճշմարտությունը, ես հո լավ գիտեմ իր տեսակը։ Ու այստեղից ուզում եմ ասել՝ պապ ջան, ես քեզնով հպարտ եմ»,- ելույթն ավարտեց Լևոն Քոչարյանը։