«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանդիպման ժամանակ տեղի եզդիական համայնքի ներկայացուցիչներից մեկը ուղերձով դիմեց հավաքվածներին և դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին:
Սկզբում՝ քաղաքացին կիսվեց անձնական մեծ ողբերգությամբ՝ նշելով, որ ինքը ևս մասնակցել է պատերազմին և որդի է կորցրել, իսկ հարևան գյուղերում կան ընտանիքներ, որոնք նույնիսկ երկու զավակ են զոհել կամ մինչ օրս չեն գտել իրենց հարազատների մարմինները:
Նա շեշտեց, որ չնայած սկզբում վստահել ու կանգնել են Նիկոլ Փաշինյանի կողքին՝ հավատալով փրկության խոստումներին, սակայն իրականությունն այլ է եղել:
«Մենք տեսանք, չէ՞, որ կարճ ժամանակում երեք պատերազմ եղավ: Մենք պիտի հասկանանք՝ Հայաստանը մերն է, թուրքերինը չէ: Մտածե՛ք հետոյի մասին: Մարդիկ կան, որ մեզ հետ են, բայց վախենում են գալ ու բացահայտ կանգնել մեր կողքին»,- ասաց նա:
Եզդի համայնքի ներկայացուցիչը հայտարարեց, որ տեղի եզդիներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնում երկրորդ նախագահին և պատրաստվում են ընտրություններին հանդես գալ միասնական ճակատով: