1821 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-19 16:32
Քաղաքական խաղադաշտ

Եթե դուք գաք իշխանության, թշնամու զորքը Հայաստանում էլ չի լինի. քաղաքացին՝ Քոչարյանին

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ Աշոցքի բնակիչները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները։

Արցախյան պատերազմի ազատամարտիկներից մեկը, դիմելով երկրորդ նախագահին, հիշեցրեց Լաչինի ազատագրման ժամանակ Քոչարյանի և Վազգեն Սարգսյանի բարձր կազմակերպվածությունն ու մարտունակությունը՝ հույս հայտնելով, որ Քոչարյանի վերադարձով հնարավոր կլինի հեռացնել հայրենի հողում գտնվող թշնամու զորքերը։

Բնակիչները նաև խիստ քննադատության ենթարկեցին գործող իշխանության վարած քաղաքականությունը՝ նշելով, որ «սարերը ձյուն է, մեզ պետք չեն» տրամաբանությամբ այս տեմպերով երկրի ղեկավարը շուտով բոլոր դիրքերը կհանձնի։

Աշոցքի բնակիչները երկրորդ նախագահին ներկայացրեցին տարածաշրջանի սոցիալ-տնտեսական աղետալի վիճակը, որի պատճառով գյուղերը դատարկվում են։

Ռոբերտ Քոչարյանը լսեց բնակիչների դժգոհությունները և վերահաստատեց իր դիրքորոշումը, որ մարզերի անտեսումն ու գյուղական դպրոցների փակումը պետք է անհապաղ վերանայվեն, քանի որ առանց մարզերի զարգացման երկիրն ապագա չի կարող ունենալ։