«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ «Հայաստան» դաշինքի անդամներն այսօր քարոզարշավ իրականացրին Տավուշի մարզում։ Դիլիջան խոշորացված համայնքում կատարած շրջայցի ժամանակ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը զրուցեց քաղաքացիների հետ, ովքեր ներկայացրին իրենց մտահոգություններն ու հիշողությունները քաղաքի զարգացման վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում բնակիչները մատնանշեցին Դիլիջանի զարգացման դինամիկան՝ ընդգծելով, որ մինչև Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումը քաղաքում տները չնչին գներով՝ 200-300 դոլարով վաճառում էին, որպեսզի արտագնա աշխատանքի մեկնեն։
«Ձեր գալուց անմիջապես հետո ամեն ինչ փոխվեց, հանգստյան տները սկսեցին աշխատել ու զբոսաշրջային հոսք սկսվեց»,- նշեցին նրանք՝ հավելելով, որ այսօր էլ մեծ հույսեր ունեն փորձառու ղեկավարի հետ երկիրը շենացնելու հարցում։
Քաղաքացիները դժգոհություն հայտնեցին Կիրանցի և հարակից հատվածների վերաբերյալ այսօրվա վարվող քաղաքականությունից։
«Մենք աչքներս բացել ենք՝ Կիրանցի կամուրջը միշտ հայկական կողմն է սպասարկել, իսկ հիմա ասում են՝ ադրբեջանական է։ Սա անթույլատրելի է»,- ընդգծեցին բնակիչները։
Ի պատասխան բնակիչների մտահոգություններին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ պայքարը շարունակվում է և նպատակը մեկն է՝ վերականգնել արդարությունն ու հավատը։
«Մենք պետք է ժողովրդին հիշեցնենք իր հիշողությունը։ Պատրաստ ենք ամուր պայքարի և ամեն ինչ անելու ենք, որպեսզի չհիասթափեցնենք ձեզ»,- շեշտեց երկրորդ նախագահը։
Չնայած անձրևային եղանակին, հանդիպումն անցավ բարձր տրամադրությամբ։ Բնակիչները մոտենում էին նախագահին՝ իրենց օրհնանքը հայտնելու և համատեղ լուսանկարվելու համար։